Առողջապահություն 

Առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները կավելանան 3.3 տոկոսով

analitik.am

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել 83 միլիարդ 468 միլիարդ դրամ գումար: Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:«Ընթացիկ տարվա համեմատ աճը կազմել է 3.3 տոկոս: Երբ դիտարկում ենք այս ծախսերի կառուցվածքը, ակնհայտ է դառնում, որ ավելի մեծ աճ կա առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերի կառուցվածքում: Մասնավորապես, ընթացիկ ծախսերն անցնող տարվա համեմատ ավելացել են 8 միլիարդ 525 միլիոն դրամի չափով՝ շուրջ 12 տոկոս»,-  նշեց Սաֆարյանը:


Անդրադառնալով ոլորտի կապիտալ ծախսերին՝ փոխնախարարն ընդգծեց, որ այդ գծով կա նվազում, որն ամբողջովին պայմանավորված է Համաշխարհային բանկի և այլ դոնորների կողմից ստացվող վարկային և գրանտային միջոցների նվազմամբ: «Սակայն այդ նվազումը պայմանավորված չէ այնքան առողջապահության ոլորտին տրվող ֆինանսական հոսքերով, որքան այն դեֆիցիտի մակարդակով, որը դրված է պետական բյուջեի մակարդակով: Եվ մենք ունենք պայմանավորվածություն, ինչպես այլ ոլորտների, այնպես էլ առողջապահության նախարարության հետ, որ պետական բյուջեի ցուցանիշները խոչընդոտ չեն հանդիսանա վարկային միջոցներ ծախսելու գործընթացին, որովհետև դրանք ապահովված են նաև համաֆինանսավորմամբ: Այսինքն, մենք այստեղ նվազում ենք բերել, որպեսզի բյուջեի 2.3 տոկոս դեֆիցիտը պահպանվի, սակայն սա չի նշանակում, որ սահմանափակվել է վարկային միջոցների օգտագործումը»,- նշեց նա:


Ընթացիկ և կապիտալ ծախսերի ավելացումը տեղի է ունեցել մի շարք ծրագրերի հաշվին: 1 միլիարդ 779 միլիոն դրամով ավելացել են արտահիվանդանոցային ծառայության ծախսերը, 4 միլիարդ 493 միլիոն դրամով ավելացել են հիվանդանոցային ծախսերը: «1.5 միլիարդ դրամով ավելացել են հանրային առողջապահության գծով իրականացվող ծախսերը, և առողջապահության հարակից ծառայությունների ծրագրերի գծով ծախսերն ավելացել են 137.3 միլիոն դրամով: 364 միլիոն դրամով ավելացել են պետական կառավարման ապարատի գծով ծախսերը»,- ընդգծեց Սաֆարյանը:

Նույն շարքից