Առողջապահություն 

Գյումրիում բժիշկների հանդեպ դաժանության դեպքերին նախ պետք է հասարակական գնահատական տրվի. նախարար

analitik.am

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այսօր լրագրողների հետ զրույցում 
անդրադարձավ Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպին, երբ ծեծել էին շտապօգնության բժշկին, և ասաց, թե մինչև իրավապահների գնահատականը նաև հասարակական գնահատական պետք է հնչի՝ բժիշկների հանդեպ նման ցինիզմի և դաժանության հետ կապված։

«Այդ նույն թասիբով ժողովրդին կուզենայի կոչ անել, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ նման ցինիզմով և դաժանությամբ վերաբերմունքի է արժանանում մի մարդ, որը եկել է բուժօգնություն ցուցաբերելու: Մինչև իրավապահների գնահատականը նաև հասարակական գնահատական պետք է հնչի՝ բժիշկների հանդեպ նման ցինիզմի և դաժանության հետ կապված»,– ասաց նա:

«Առհասարակ, ինչ վերաբերում է շտապօգնության աշխատանքից, իր չափորոշիչների մեջ սահմանված ժամկետում մեքենան եղել է տեղում, եթե չեմ սխալվում՝ 5 րոպե հետո»,- ավելացրեց նա:

Նախարարն ասաց, որ այդ բոլոր նյութերը հաշվի են առնելու համապատասխան մարմինները, իրենք ուշիուշով հետևելու են.«Դաժան ծեծի են ենթարկվել և բժիշկը, և բուժքույրը, և վարորդը»:

 

Նույն շարքից