Առողջապահություն 

Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանման խնդիրը շարունակում է գերակա մնալ

analitik.am

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար 2015թ. մոր և մանկան առողջության պահպանման խնդիրը կշարունակի մնալ գերակա խնդիրներից մեկը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Այդ ծրագրերի իրականացման ծախսերը կազմելու են առողջապահության նախարարության հատկացումների շուրջ 20 տոկոսը: 2015թ. մոր և մանկան առողջության պահպանման համար պլանավորվում է ծախսել շուրջ 15.5 միլիարդ դրամ: Ընթացիկ տարվա համեմատ աճը կկազմի շուրջ 700 միլիոն դրամ»,-նշեց նախարարը:

 

Պետական բյուջեից առաջին անգամ միջոցներ կհատկացվեն անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների մատուցման համար: «Այս նպատակով 2015թ. սոցիալապես անապահով նպաստառու ընտանիքների անպտուղ զույգերի բուժօգնությանը նախատեսվում է հատկացնել 78.6 միլիոն դրամ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

 

Նախարարը տեղեկացրեց, որ կիրականացվի նաև երեխաների առողջ սնուցում հանրային իրազեկման նոր ծրագիր: ԶԼՄ-ների օգնությամբ և այլ եղանակներով հանրային լայն քարոզչություն կկատարվի երեխաների սնուցումը բարելավելու նպատակով:

Նույն շարքից