Առողջապահություն 

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 8-ին ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների և պետությունների միջև առկա ջերմ բարեկամական փոխհարաբերությունների և ընդլայնվող գործակցության համար: Վեհափառ Հայրապետն արդյունավետ համագործակցության համար իր մասնավոր գնահատանքն է փոխանցել ՌԴ և ՀՀ առողջապահության նախարարներին ու նրանց պաշտոնեությանը` կարևորելով առողջապահության ոլորտում ի նպաստ բնակչության իրականացվող բոլոր ծրագրերն ու ներդրվող ջանքերը: Ամենայն Հայոց Հայրապետը ներկայացրել է նաև Հայ Առաքելական եկեղեցու կողմից առողջապահության ոլորտում իրականացվող գործունեությունը: 

Իր հերթին ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` միաժամանակ անդրադառնալով ձևավորվող համագործակցության հեռանկարներին:

Զրույցի ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գանահատանքն է բերել նաև պատվիրակության կազմում ընդգրկված հայտնի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին` 1988 թ. ավերիչ երկրաշարժի օրերին հայ ժողովրդին բերած օգտակար ծառայության համար:

Վերջում Հայոց Հայրապետը մաղթել է, որ իրենց մարդասիրական առաքելության մեջ Աստված զորավիգ լինի բոլոր բժիշկներին:

Նույն շարքից