Առողջապահություն 

ՄԱԿ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանում մայրական մահացության ցուցանիշի նվազումը

 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գրասենյակի ղեկավար, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին։ Երկուստեք կարևորվել է Հայաստանում կանանց վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամիհամագործակցությունը։ Օրենսդրական դաշտի ապահովումից մինչև հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում հղիների հսկողություն ապահովելու նպատակով շրջիկ գինեկոլոգիական ծառայության ստեղծում, շտապ մանկաբարձական օգնության կազմակերպում, անհրաժեշտ գործիքների տրամադրում, մասնագետների համար ուղեցույցների մշակում և բազմաթիվ այլ միջոցառումներ։ Նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ ծրագրերի, բուժհաստատություններում մասնագետների ամենօրյա ջանքերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամիհետ համագործակցության արդյունքում վերջին տարիներին բարելավվել են կարևոր մի շարք ցուցանիշներ, այդ թվում` մայրական մահացության, հղիության արհեստական ընդհատումների։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը բարձր է գնահատել հատկապես մայրական մահացության ցուցանիշի նվազումը։

Հետագա համագործակցության շրջանակները քննարկելիս ընդգծվել է հազարամյակի նոր մարտահրավերներից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» հիմնական ռազմավարությունից ելնելով ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը։ «ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ 17 նպատակ և 169 ուղենիշ է առանձնացրել, որոնք ցանկալի է, որ արտացոլվեն ազգային ծրագրերում»,-նշել է Զահիդուլ Հյուքը։

Սերգեյ Խաչատրյանն ընդգծել է, որ չնայած մեծ ջանքերի շնորհիվ արձանագրված հաջողություններին, Հայաստանի համար առաջնային է մնում մայրական մահացության և հիվանդացության ցուցանիշների նշանակալի նվազեցումը։ «Երևանի երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներում բարդացված ծնունդների վարման շնորհիվ բավականաչափ փորձ է ձեռք բերվում, որը փոխանցվում է մյուս մասնագետներին»,-ասել է փոխնախարարը։ Նա միաժամանակ տեղեկացրել է, որ նախարարի հանձնարարությամբ ծննդատներից տվյալներ են հավաքագրվում կրիտիկական վիճակներից ծննդկանների դուրս բերման բոլոր դեպքերի վերաբերյալ։ Դրանց խորությամբ վերլուծությունն էական օժանդակություն կլինի ապագայում նման դեպքերի զարգացումը կանխելու և մայրական մահացությունը նվազեցնելու գործին։

Նախարարության այս նախաձեռնությունը ևս արժանացել է Զահիդուլ Հյուքի հավանությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նշվել է, որ այն հասարակական հնչեղություն է ստացել հենց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված աշխատանքի շնորհիվ։ Վերարտադրողական տարիքի կանանց առողջության բարելավման ուղղությամբ ռազմավարությունը թարմացնելու և նոր մոտեցումներ մշակելու գործում Սերգեյ Խաչատրյանը կարևորել է իրավիճակի գնահատման նպատակով մեծածավալ հետազոտությունների իրականացումը։ «Ամփոփ այդ տեղեկատվությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերը մշակելու համար»,-ասել է փոխնախարարը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը,  ՀՀ առողջարապության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը։ 

Նույն շարքից