Առողջապահություն 

Աշխատանքային ազատ գրաֆիկը լա՞վ է, թե՞ վատ

Մի խումբ բրիտանացի գիտնականներ, վերլուծելով կատարված տասը հետազոտությունների արդյունքները, որոնցում ներգրավված էր ավելի քան 16 հազար մարդ, պարզել են, որ մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար ավելի օգտակար է աշխատել ոչ թե հաստատագրված, այլ ազատ գրաֆիկով: Ինչպես պնդում են մասնագետները, աշխատանքային գործունեության նման ռեժիմը, սակայն, ունի նաև թերություններ:
 

Աշխատող մայրերից շատերը երջանկություն են համարում, եթե գտնում են մի աշխատանք, որտեղ չի պահանջվում իրենց մշտական ներկայությունը: Նման զբաղվածության դեպքում աշխատանքային գրաֆիկը նրանց թույլ է տալիս երեխային ուշադրություն հատկացնել ճիշտ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա:

 

Հետազոտություններից պարզվել է, որ այն մարդիկ, որոնց հնարավորություն է ընձեռվում ինքնուրույն կարգավորելու սեփական աշխատանքային գրաֆիկը, ավելի քիչ խնդիրներ են ունենում արյան ճնշման, հաճախասրտության և ֆիզիոլոգիական մի շարք այլ հանգամանքների հետ կապված: 

 

Ազատ գրաֆիկը նույնպես կարող է անթերի չլինել, օրինակ` որոշ մարդիկ գերագնահատում են սեփական ուժերն ու հնարավորությունները, ստանձնում բազմաթիվ հանձնարարություններ, այլոք դժվարանում են պլանավորել աշխատանքային օրը: Այնպես որ, ամեն ինչ ունի իր դրական և բացասական կողմերը:

 

Մինչև 16 տարեկան երեխաներ ունեցող բրիտանացի աշխատողները սկսած 2009-ից աշխատանքային ճկուն գրաֆիկի իրավունք ունեին: 2010-ի ապրիլից այս արտոնությունը պահպանվեց միայն մինչև 6 տարեկան երեխաներ ունեցողների համար: BBC-ն հայտնում է, որ այսօր գրեթե 10 մլն բրիտանացի աշխատողներ իրավունք ունեն աշխատելու առանց հաստատագրված աշխատաժամերի:

 

Նույն շարքից