Առողջապահություն 

Հայաստանը կարող է լինել առաջինը ԱՊՀ երկրների շարքում, որը մինչև 2020-ը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը

Հայաստանը լավագույն արդյունքներն է գրանցել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարում:  «Իմանալով ձեր արձանագրած վիճակագրական տվյալները` հպարտանալ կարելի է: Նման տեմպերով շարունակելու դեպքում հինգ տարում հնարավոր կլինի ամբողջովին կանխել համաճարակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանն ասաց պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան ժամանած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-իհարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի խոսքով` սա է նաև պատճառը, որ որոշել է առաջինը այցելել հենց Հայաստան:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ հանդիպումն իրենց համար սպասված է, քանզի ՁԻԱՀ-ի դեմ պայքարը նախարարության գերակա ուղություններից մեկն է: Նախարարի խոսքով` ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանն անցում է կատարում երրորդ ծրագրին, որի հիմնական կոնտինգենտը միգրացիոն գործընթացներն են: Նախարարը բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևային և ՄԱՁԻԱՀ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանային ներկայացրեց ոլորտում արձանագրած հաջողությունները, ինչպես նաև դեռևս առկա խնդիրները: «Հիմնական խնդիրն այն է, որ ՁԻԱՀ-ի վարակակիր անձինք ուշ են դիմում բժշկի: 2006 թվականից դոնորական արյունի փոխանցման միջոցով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Իսկ 2007 թվականից մորից երեխային անցնելու դեպքեր չեն եղել: Վստահ եմ, որ Ձեր առաքելությունը ևս մեկ անգամ կընդգծի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կարևորությունը երկրում»,- ասաց նախարարը:

Նույն շարքից