Ինչպես ասում են` ճաշակին ընկեր չկա. մեկը սիրում է խոզի ճարպոտ միս, մյուսը՝ միրգ և բանջարեղեն: Իսկ գիտե՞ք, որ այս կամ այն համի պահանջը ոչ միայն մեր նախասիրությունն է, այլև՝ օրգանիզմի տարբեր օրգանների ահազանգ:
Միջնադարյան բժիշկների հավաստմամբ` տարբեր համերի մթերքներ պահելով լեզվի վրա` կարելի է բուժել զանազան հիվանդություններ:
Եվ այսպես` քաղցր համն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը, մեծացնում է դիմացկունությունը, նպաստում է մարսողությանը և լայնացնում է արյունատար անոթները: Այն օգնում է օրգանիզմին պայքարել սթրեսների դեմ, սնուցում է գլխուղեղը և լավացնում է հիշողությունը:
Թթու համը նպաստում է օրգանիզմի նյութափոխանակությանը, լավացնում է ախորժակը, մարսողությունը, աղիների գործունեությունը և օրգանիզմից դուրս է բերում ավելորդ նյութերը: Թթվաշ համն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը և առաջացնում արյունատար անոթների սեղմում:
Աղի համն ունի օրգանիզմը մաքրող հատկություն, որի շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս թունավոր նյութերը: Բացի այդ, այն օրգանիզմում պահում է ջուրը և ունի աղիների գործունեությունը թուլացնող ազդեցություն:
Դառը համը լավացնում է մարսողությունը, բուժում է լեղուղիների հիվանդությունները, օգտակար է նաև երիկամների համար: Դառը համն ունի նաև օրգանիզմը մաքրող և մանրէասպան ազդեցություն: Շատ օգտակար է այտուցների առկայության դեպքում: Սակայն մեծ քանակով դառը ուտելիքը վնասակար է օրգանիզմի համար:
Կծու համը լավացնում է մարսողությունը, օգնում է ազատվել ավելորդ ճարպերից, մաքրում է արյունը, բարձրացնում է տրամադրությունը: Բացի այդ, կծուն շատ օգտակար է մրսածության ժամանակ: Ի դեպ, չպետք է մոռանալ, որ չարժե հրապուրվել կծու համով, որովհետև այն չարաշահելու դեպքում կարող են առաջանալ ենթաստամոքսային գեղձի բորբոքումներ:
Տտիպ համը լավ օգնում է արյան ցածր մակարդելիության և կարմիր գնդիկների պակասի ժամանակ:
Հիշեք, որ առողջ մնալու համար օրվա սննդակարգում ցանկալի է զուգակցել բոլոր համերը: