Առողջապահություն 

Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մահվան 413 դեպք

analitik.am

 

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988թ-ից: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, 2014թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 305 դեպք, ինչը գերազանցում է նախորդ տարիների տարեկան ցուցանիշներին:

«1988թ-ից մինչ օրս Հայաստանում գրանցվել է 1924 ՄԻԱՎ վարակի դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1329 մարդ, որը կազմում է 69%, իգական՝ 595 դեպք, որը կազմում է 31%: ՄԻԱՎ վարակի 38 դեպք գրանցվել է երեխաների մոտ: Վարակվածների 53%-ն ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում»,-ասաց նա:

Սամվել Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը, որը կազմում 63% և թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակումը՝ 28%: Սամվել Գալստյանը նաև նշեց, որ արձանագրվել են նաև հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով վարակի փոխանցում:

ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը և նախարարությունը կարևորում է ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի հակազդման միջոցառումները և այս ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներն են անցկացվում Հայաստանում:

 

ՄԻԱՎ վարակակիրներից 983-ի մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որոնցից միայն 149-ը դեպքը ախտորոշվել է այս տարվա 11 ամիսների ընթացքում:

«Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մահվան 413 դեպք, որոնցից 70-ը կին, իսկ 7-ը՝ երեխա: ՄԻԱՎ վարակի առավելագույն թիվը գրանցվել է Երևանի բնակիչների շրջանում, երկրորդ տեղում է Շիրակի մարզը, սակայն 100 հազ. բնակչի հաշվով գրանցված դեպքերի թվով Շիրակի մարզը առաջին տեղում է, որին հաջորդում է Լոռու մարզը, այնուհետև Երևանը և Սյունիքի մարզը»,-ասաց նա:

Սամվել Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում այս վարակի տարածման գործում մեծ դեր ունի միգրացիայի գործոնը և իրենք այսօր աշխատանքներ են տանում հենց միգրանտների ու նրանց ընտանիքների հետ:

Սամվել Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ 2013թ. դրությամբ աշխարհում գրանցված է 35 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ: Միայն 2013թ. ընթացքում մոտ 2,1 մլն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, որոնցից 240 հազ.-ը՝ երեխա:

 

 

Նույն շարքից