Առողջապահություն 

Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը

Բրոնխային ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները: Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի, բարձրացած արտազատման և բրոնխների լորձաթաղանթի այտուցի արդյունքում:

 

Տարբերում են բրոնխային ասթմայի երկու ձև..

 

Ատոպիկ բրոնխային ասթմա, որի զարգացման մեջ առաջատար դերը ժառանգական նախահակվածությանն է:

Ինֆեկցիոն-ալերգիկ բրոնխային ասթմա, որի զարգացման մեջ կարևոր դեր ունեն ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն ալերգենները:

 

Բրոնխային ասթմայի զարգացման երկու փուլ գոյություն ունի.

 

Բրոնխային ասթմայի նախաասթենիկ փուլ: Այս փուլում բրոնխա-թոքային հիվանդությունն է (սուր բրոնխիտ, քրոնիկական բրոնխիտ, քրոնիկական-օբստրուկտիվ բրոնխիտ կամ քրոնիկական թոքաբորբ):
Կլինիկորեն դրսևորվող բրոնխային ասթմա: Այս փուլն սկսվում է շնչահեղձության առաջին նոպայից հետո կամ ասթմատիկ ստատուսի առաջացման դեպքում:

Ըստ ծանրության` բրոնխային ասթման բաժանվում է երեք աստիճանի.

 

Թեթև ընթացք: Բրոնխային ասթմայի սրացում նկատվում է տարին 2-3 անգամ, 
նոպաները կասեցվում են բրոնխոլիտիկ պատրաստուկների ընդունմամբ:

Միջին ընթացք: Շնչահեղձության նոպաները կամ ասթմատիկ ստատուսներն առաջանում են տարին 3-4 անգամ, շնչարգելության նոպաներն ավելի երկարատև են և նույնպես կասեցվում են բրոնխոլիտիկ պատրաստուկներով:

Ծանր ընթացք: Սրացումներն ավելի հաճախակի և երկարատև են, նոպաները կասեցվում են ներարկումներով:

Բրոնխային ասթմայի ախտանիշները

 

Բրոնխային ասթմայի դեպքում հիմնական ախտանիշներն են պարբերաբար կրկնվող շնչահեղձության նոպաները, արտաշնչման ժամանակ դժվար շնչառությունը: Դրա հետ մեկտեղ, բրոնխային ասթմայով պացիենտներին անհանգստացնում է շնչարգելությունը և հազը, որը կարող է ինչպես չոր, այնպես էլ թաց լինել:

 

Բրոնխային ասթմայի բուժումը

 

Բուժման ռազմավարությունը պայմանավորված է հիվանդության ընթացքի ծանր աստիճանով:

Բրոնխային ասթմայի թեթև աստիճանի դեպքում բուժումը ներառում է դեղերի կանխարգելիչ ընդունում, ինչպիսիք են B2-ագոնիստները, կրոմոգլիկատը, նեդոկրոմիլը և հակախոլինէներգետիկ պատրաստուկները:

 

Միջին ծանրության դեպքում բուժումը ներառում է հակաբորբոքային պատրաստուկների կիրառում, ինհալացիոն կորտիկոստերոիդներ, նատրիումի կրոմոգլիկատ, նեդոկրոմիլ, երկարատև ազդեցության բրոնխոդիլատատորներ և այլն:

 

Բրոնխային ասթմայի ծանր ընթացքի դեպքում բուժման մեջ կիրառում են մեծ չափաքանակներով ինհալացիոն կորտիկոստերոիդների ընդունում (800-2000 մկգ բեկլոմետազոն դիպրոպիոնատ), բրոնխոդիլատատորներ, կարճ ազդեցության B2 ագոնիստներ: Ամենածանր դեպքերում բրոնխային ասթմայի բուժման համար նշանակվում են հորմոնային պատրաստուկներ:


Վրեժ Հովսեփյան

Նույն շարքից