Առողջապահություն 

Ձմռանը օրգանիզմին ավելի շատ էներգիա է հարկավոր

Ձմռանը շատ կարևոր է ռեժիմով սնվել։ Պատճառն այն է, որ ձմռանը օրգանիզմին ավելի շատ էներգիա է հարկավոր, իսկ երկար ժամանակ չուտելու դեպքում ո՛չ միայն ինքնազգացողության հետ կապված խնդիրներ կլինեն, այլև հետո ավելին կլինի ուտելու ցանկությունը, քան պետք է։ Օրվա սննդակարգը պետք է բաղկացած լինի նախաճաշից, ճաշից և ընթրիքից՝ դրանցից ոչ մեկը բաց թողնել չի կարելի, պնդում է մասնագետը։

 

Նախաճաշից ձմռանը ոչ մի դեպքում հրաժարվել չի կարելի։ Ցանկալի է նախաճաշին ուտել տաք շիլա, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց և մի քիչ կարագ, եթե հակացուցումներ չկան։ Նախաճաշին կարելի է ուտել նաև մեղր, որը շատ օգտակար է և ուժեղացնում է իմունային համակարգը։

 

200 կալորիա պակաս օգտագործել. եթե օրվա սննդակարգից ընդամենը 200 կալորիա պակասեցվի, ապա հնարավոր կլինի ո՛չ միայն քաշը կայուն պահել նույնիսկ ձմռանը, այլև նիհարել։ 200 կալորիան այնքան էլ շատ չէ՝ ընդամենը մեկ փոքրիկ թխվածք է կամ մեկ բաժակ ալկոհոլ։ Կարտոֆիլ նույնպես կարելի է ուտել, բայց ոչ տապակած։

 

Աշխատել ձմռանը չափից շատ չուտել. շաքարով և ճարպով հարուստ ճաշատեսակների փոխարեն ուտել ավելի առողջարար սնունդ։ Ընկուզեղենը պետք չէ տոնական օրերին սեղանին պահել և անընդհատ ուտել. օրական ուտել ոչ ավելի, քան 7-8 հատիկ, իսկ մնացած ժամանակ սեղանին վարունգ, գազար և կաղամբ պահել ու ցանկության դեպքում «ծամել» դրանք։

 

Ամբողջական հացահատիկից պատրաստված հացը վիտամինների աղբյուր է, և այն կարելի է ուտել թե՛ ձմռանը, թե՛ տարվա այլ եղանակներին։ Սակայն սպիտակ հացից ցանկալի է հրաժարվել, քանի որ այն գրեթե օգտակար չէ և գիրացնում է։

Նույն շարքից