Դրամի արժեզրկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն օր դեղագործական շուկայում անցկացնում էր մոնիթորինգ: Դեկտեմբերի 11-ից հետո 5-10 տոկոսով որոշ ընկերություններ թանկացրեցին դեղերը, բայց երեկվանից արդեն սկսել են իջեցնել: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:
«Մեծածախ ընկերությունները մի քանի շաբաթ չբարձրացրին գները: Դեկտեմբերի տասնութին արդեն սկսեցին իջեցնել, և այս պահին դեղերի գների իջեցում է գնում»,-ասաց նա և ավելացրեց, որ ոչ բոլոր դեղերն էին թանկացել: Եղել են դեպքեր, երբ ռուբլով գնված դեղերն էժանացել էին, առանձին դեպքերում թանկացում եղել է 18 տոկոսով:
ԱՆ պաշտոնյան նաև նշեց, որ դրամն ինչքան արժևորվի, այնքան համապատասխան դեղերի գներն իջնելու են: Իսկ անհարկի թանկացումներ, իրենց տվյալներով, չեն եղել. «Մեծ մասամբ դեղորայք գնած ընկերությունները հետո են վճարում գնած դեղերի դիմաց, դա է պատճառը, որ արդեն բերված դեղերը թանկացան»:
Ինչ վերաբերում է գների իջեցման վերահսկողությանը, ապա Ղուկաս Ուլիխանյանը նկատեց, որ շուկան ինքն էլ ստիպում է, որպեսզի իջնեն գները. եթե որևէ դեղատուն բարձր պահի գները, ինքն անձամբ ժողովրդին կոչ է անում, որ այդ դեղատնից դեղեր ձեռք չբերեն:
«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ ասաց, որ այս ընթացքում իրենք աշխատել են ռեժիմից դուրս և ամեն ինչ արել, որպեսզի դեղերը հատկացված ժամանակից ուշ չմտնեն Հայաստան: