Առողջապահություն 

Ամեն ինչի հիմքում լավ տրամադրությունն է. խորհուրդ է տալիս մասնագետը

Կանայք հաճախ են գանգատվում մազերի հետ կապված զանազան խնդիրներից` փորձում գտնել ճիշտ խնամքի ձևը, սակայն, արդյունքում՝ լրիվ հակառակ պատկերն է ստացվում: Իրականում, որո՞նք են խնամքի այն կարևորագույն կանոնները, որոնք թույլ կտան ունենալ առողջ, փարթամ ու գեղեցիկ մազեր:

 

Վարսահարդար Հերմինե Արշակյանի հետ Analitik.am-ի զրույցը` շատ կանանց կսովորեցնի տիրապետել մազերի խնամքին վերաբերող բազմաթիվ գաղտնիքների և իմանալ իրենց հուզող շատ հարցերի պատասխանները:

 

Առողջ մազեր ունենալու համար ոչ թե մազերին պետք է վերաբերվել «մատների արանքով», այլ ընդհակառակը, լուրջ` անկախ եղանակից ու տրամադրությունից: Անչափ կարևոր է մազերի մաշկի խնամքը, և ինչպես վարսահարդարն է խորհուրդ տալիս, ցանկացած եղանակի, գլխի մաշկն ու մազերը մերսել պաշտպանիչ յուղերով.«Ամռանը պետք է արևից պաշտպանել (որպեսզի չայրի ու չխանձվի), ձմռանը` ցրտից ու սառնամանիքից, և հագնել գլխարկ: Գլխարկը չպետք է այնքան ձիգ լնի, սեղմի գլխամաշկը, որ արյան շրջանառություն տեղի չունենա»,-զգուշացնում է մասնագետը և հիշեցնում` «մազը, առհասարակ, լավ է աճում, եթե գլխի արյան շջանառությունը լավ է կատարվում»: Իսկ ցանկալի արդյունքի հասնելու համար, կանայք պետք է լսեն մասնագետների խորհուրդները` օգտագործեն տնային և պրոֆեսիոնալ դիմակներ և այդ ամենն անեն գրագետ:

 

Շատ կանայք, այսօր գանգատվում են, որ ճյուղավորվում են մազերի ծայրերը , ապա կոտրատվում. «Երբ ճիշտ ես խնամում մազերդ, չի ճյուղավորվում և չի կոտրատվում. Դա ավելի շատ սխալ ընտրված ներկերի հետևանք է: Պետք է ներկել ոչ հաճախակի և պրոֆեսիոնալ ներկերով: Խանութներում վաճառվող ներկերում ավելի մեծ տոկոս են կազմում քիմիական նյութերն ու պերեկիսը, քան` պրոֆեսիոնալներում, ինչն էլ, բնականաբար, վառում է գլխի մաշկը»,-ասում է նա:

 

Սխալ է նաև մազերը թաց վիճակում ֆենելը: Եվ թաց, և չոր մազերի դեպքում, ֆենով աշխատելը վնասկար է, ֆենի տաքությունը կարող է այրել մազերը: «Դա նույնն է, թե թաց հագուստը արդուկով չորացնես»,-բացատրում է Հերմինեն, ապա խորհուրդ տալիս մազերը ֆենել միայն չորացնելուց հետո:

 

Օգտակա՞ր է մազերը հաճախակի լվանալը, թե՞ վնասակար:

 

Զրուցակցիս խոսքով, գլխամաշկը լինում է` նորմալ, չոր և յուղոտ: «Յուղոտ գլխամաշկ ունեցող մարդիկ գրեթե ամեն օր լվանում են մազերը` դրանով փորձելով նվազեցնել յուղոտությունը. նրանք, որքան շատ են լվանում, այնքան շատ է յուղոտվում, որովհետև գրգռվում է գլխի մաշկը` դուրս հանելով ճարպային շերտը: Ցանկացած մաշկի դեպքում, միևնույն է, չի կարելի մազերը հաճախակի լվանալ: Ճարպոտ գլխամաշկ ունեցողներին խորհուրդ եմ տալիս գլուխը լվանալ 2-3 օրը մեկ հաճախականությամբ, նորմալ գլխամաշկ ունեցողներին` 3-4 օրը մեկ, իսկ չոր մաշկի դեպքում` լվանալ 6 օրը մեկ. բոլոր երեք դեպքերում էլ գլուխը շատ տաք ջրով լվանալը սխալ է. Ջրի ջերմաստիճանը պետք է լինի նորմալ»:
Մազերի համար ամենաանբարենպաստ գործոնը արևն է. «Արևը գունազրկում է մազերը, փոխում գույնը` բացելով այն: Ծովափնյա երկիր հանգստանալու գնալիս` մարդիկ պետք է անպայման գլխարկ կրեն, պաշտպանիչ քսուքներ օգտագործեն և՛ գլխամաշկի, և՛ մազերի համար»:

 

Ինչպե՞ս պայքարել թեփի դեմ:

 

Թեփը, ըստ մասնագետի, գլխամաշկի չորությունից է առաջանում: Նույն էլ կարելի է դեմքի մաշկի մասին ասել. եթե դեմքը չորանում է: Պետք է օգտագործել համապատասխան շամպուններ, լվանալ դեղաբույսերով, որոնցից շատ օգտակար է եղինջից պատրաստված թուրմը:

 

Մազաթափությունը, շատ հաճախ, սթրեսի հետևանք է, ապա` վիտամինների պակասի: Մազաթափությունը, հիմնականում, ձմռանն է լինում, երբ մարդիկ չեն կարողանում ըստ պահանջի ընդունել վիտամիններ: Ուստի, անհրաժեշտ է, հնարավորինս շատ օգտագործել բանջարեղեն, մրգեր, որոնք, հատկապես, պարունակում են A վիտամիններ:

 

Իսկ թե ո՞ր սանրվածքն ու գույնն է ավելի նորաձև և համահունչ 2015-ին, վարսահարդարը պատասխանեց, որ ցանկալի է ընտրել բնականին մոտ մուգ, տաք գույներ: «Սանրվածքը կարող է լինել այնպիսին, ինչպես որ սազում է տվյալ մարդուն. ամենակարևորը` լավ տրամադրությունն ու լավատեսությունն է»,-վստահեցրեց զրուցակիցս:

 

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից