Տարեկան բողկի օգտակարության մասին, ըստ առասպելի` կարծիք է հայտնել ինքը` Ապոլոնը. «Բողկն այնքան ոսկի արժե, որքան, ինքը կշռում է»։ Հույն բժիշկները տարեկան բողկով բուժում էին աչքի և մարսողական օրգանների հիվանդությունները, իսկ հայտնի պատմաբան Պլինիուսը և գիտնական Գալենը տարեկան բողկը խորհուրդ էին տալիս` որպես ախորժակը գրգռող ուտեստ, երիկամների հիվանդությունները բուժող միջոց և արյունահոսության դեմ։ Աշխարհում հայտնի տարեկան բողկի մշակովի լավագույն տեսակներից մեկն է «Արտաշատի վարդագույնը»։ Բողկը վաղուց ի վեր օգտագործվում է հայկական ժողովրդական բժշկության մեջ, ինչի մասին բավականին ամփոփ տեղեկություններ է փոխանցել նաև Ա. Ամասիացին. «Դրա հյութը մաքրում է աչքը և փայլ է տալիս։ Իսկ սերմերը բացում են ձայնը, առատացնում են կնոջ կաթը, բայց նպաստում են նաև մազերի սպիտակելուն։ Եթե բողկն ուտեն ճաշելուց հետո, կնպաստի մարսողությանը, իսկ ճաշից առաջ ուտելը վնաս է։ Բողկի հյութի և մեղրի խառնուրդը բուժում է չարորակ խոցերը։ Եթե մեկին կծել է կարիճը, թող բողկ ուտի, այն կչեզոքացնի թույնը։ Իսկ բողկի հյութը գինու հետ կօգնի օձի խայթոցի դեպքում։ Շատ օգտակար է ոսկրացավի դեպքում, օգտագործման օրական չափաբաժինը 30 գրամ է։
Իր սննդարարությամբ և բուժիչ հատկություններով լավագույնն է համարվում սև բողկը, որն աչքի է ընկնում կալիումի առատությամբ (1200 մգ` 100 գ հումքի մեջ, սպիտակի մեջ` 357 մգ է)։ ՀՀ-ում մշակվում է «Սև կլոր» տեսակը։ Բողկի պտղամսի մեջ պարունակվող առանձնահատուկ նյութերից են բույսին բնորոշ ֆիտոնցիդները և լիցոզիմ ֆերմենտը, որն առաջացնում է մի շարք պաթոգեն միկրոօրգանիզմների տարրալուծում, ինչը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, պտղարմատը պարունակում է նաև կալցիում, մագնիում, կրեմնիում, ծծումբ, կոբալտ, բրոմ, երկաթ, վիտամիններ B2, B5, B6, նիկոտինաթթու, քոլին, բետա-կարոտին, ասկորբինաթթու (որն ավելի շատ է արտաքին շերտի և հատկապես կեղևի մեջ)։ Բողկը շատ օգտակար է ձմռանը և վաղ գարնանը, քանի որ, բացի վերոգրյալ տարրերից և կենսահյութերից, պարունակում է նաև շաքարներ, թաղանթանյութ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ներկանյութեր, ճարպեր և այլն։ Բողկը կարգավորում է ճարպափոխանակությունը և համապատասխանորեն` խոլեստերինի պարունակությունն արյան մեջ։ Դրան կծու համ են հաղորդում եթերային յուղերը։