Իրավական 

Ալիևը ոչ միայն կործանում է անհատների կյանքը, այլև կապանքների մեջ է պահում ազատության գաղափարը. Washinghton Post

analitik.am

Ամերիկյան հեղինակավոր The Washinghton Post պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ամենահայտնի հետաքննող լրագրողներից մեկի՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի կալանքին` հրապարակելով ծավալուն հոդված:

 

Անդրադարձի հեղինակը պարբերականի խմբագրակազմն է, որն ընդգծում է, որ Իսմայիլովան հաճախ նյութեր է պատրաստում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կնքվող խոշոր գործարքների վերաբերյալ: Անդրադարձի հեղինակների համաձայն՝ լրագրողի կատարած աշխատանքը գնահատելի կլիներ աշխարհի ցանկացած երկրում, սակայն այն առավել  խրախուսելի է, քանի որ արվում է Ադրբեջանում:

 

«Վերջին տարիներին Իսմայիլովան հետաքննել է իշխանության ղեկին գտնվող Ալիևների ընտանիքի թաքցրած հարստությունը, ինչպես նաև ջրի երես հանել բոլոր այն գաղտնի գործարքները, որոնց միջոցով նրանք տիրացել են այդ հարստություններին: Այժմ իշխանությունները փորձում են լռեցնել նրան` ի ցույց դնելով, թե ինչպես է Ադրբեջանը վերածվել  մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հակաուտոպիայի»,-գրում է պարբերականը:

 

Հեղինակները շարունակում են` հիշեցնելով, որ «պարբերաբար իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվող Իսմայիլովան  2012թ. նախազգուշական նամակ է ստացել, որում նրանից պահանջում էին դադարեցնել Իլհամ Ալիևի ընտանիքի ու տարատեսակ բիզնես գործարքների միջև եղած կապը բացահայտող հետաքննությունները»:

 

«Իսմայիլովայի աշխատանքին խոչընդոտելու համար, նրան մեղադրել են պետական գաղտնիքներն  ամերիկացի պաշտոնյաներին փոխանցելու համար: Իսկ հոկտեմբերին նրան 4 ժամ շարունակ պահել են Բաքվի օդանավակայնում` թույլ չտալով մեկնել արտերկիր: Այնուհետև, դեկտեմբերի 5-ին նրան ձերբակալել են շինծու մեղադրանքների հիման վրա, ինչի հետևանքով Իսմայիլովան քիչ էր մնում ինքնասպան լիներ: Այս ամենից հետո լրագրողը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասել է, որ իրեն ձերբակալելու միակ պատճառն արվող հետաքննություններն են: Նա նաև ասել է, որ կառավարությանն անհանգստացնում է այն, ինչով նա զբաղված է»,- նշվում է ամերիկյան հանդեսի անդրադարձում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «նախագահ Ալիևի աջ ձեռքը համարվող Ռամիզ Մեհդիևն Իսմայիլովայի դեմ ուղղված 60 էջանոց մի մանիֆեստ է հրապարակել, որը խստորեն քննադատում  է լրագրողի գործունեությունն  ու նշում, որ նա համագործակցում է օտարերկրյա գործակալների հետ»:

 

Իր անդրադարձում The Washinghton Post-ը գրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության գծով ակտիվիստ Լեյլա Յունուսի մասին, ով շարունակում է անազատության մեջ մնալ, թեև միջազգային հանրությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան:

 

«Նա ձերբակալվել է հուլիսին` մեղադրվելով պետական դավաճանության համար: Յունուսի դատապաշտպաններն ու ընկերներն ասում են, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրա ամուսինը ևս բանտարկվել է` համալրելով  անհանդուրժող Ալիևի նախաձեռնած բռնաճնշումների հետևանքով անազատության մեջ հայտնված տասնյակ մարդկանց շարքերը»,-գրում են հեղինակները:

 

Պարբերականի խմբագրակազմն անդրադարձել է նաև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի թեմային` գրելով, որ «Ադրբեջանը սիրաշահեց Արևմուտքին իր էներգետիկ հարստություններով ու արժանացավ «Եվրատեսիլ» երգի մրցույթն իր երկրում անցկացնելու պատվին»:

 

«Կասպից ծովի ափին ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Ալիևը ոչ միայն կործանում է անհատների կյանքը, այլև կապանքների մեջ է պահում ազատության բուն գաղափարը: Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է հիշեցնեն նրան, որ իր չար մտադրությունը հաջողություն չի ունենա ու միայն կվնասի երկրին»,-եզրափակում է թերթը:

 
 

Նույն շարքից