Իրավական 

Լրագրողների ձերբակալությունը կարող է ազդել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա. ԵՄ

analitik.am

Լրագրողների ձերբակալությունները «հակասում են եվրոպական արժեքներին ու չափորոշիչներին, որոնց մաս է ցանկանում դառնալ Թուրքիան», ասված է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարության մեջ:

 

«Մենք հիշեցնում ենք, որ որևէ երկրի որպես թեկնածու ճանաչելու ցանկացած հետագա քայլ պայմանավորված է օրենքի և հիմնարար իրավունքների լիակատար պահպանմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ խոսքի ազատությունն ու դատարանների անկախությունն առողջ ժողովրդավարության հիմնական տարրերն են և դա ապահովվում է Թուրքիայի սահմանադրությամբ:

 

ԵՄ ներկայացուցիչներն արդար քննության հույս են հայտնել:

 

Տեղի ունեցած ձերբակալություններին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:

 

«Որպես Թուրքիայի բարեկամ և դաշնակից՝ մենք իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել, որ իրենց գործողությունները չեն խախտում ժողովրդավարության հիմքերը»,- հավելել է Փսակին:

 

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով երկրում լրագրողների ու ոստիկանության սպաների վերջին ձերբակալությունները, հայտարարել է, թե որոշ քայլեր են ձեռնարկվել՝ «պետության մեջ պետություն ստեղծելու» դեմ:

 

«Այն անձանց գործողությունները, որոնք թափանցել են կառավարություն ու գաղտնալսել են նախագահի ու վարչապետի մասնավոր զրույցները, անպատասխան չեն մնալու: Մեր պարտքն է պաշտպանել այն, ինչ մեզ տրվել է ժողովրդի կամքով», - ասել է Դավութօղլուն:

 

Հիշեցնենք, որ թուրք իրավապահները ձերբակալել էին 23 մարդու, այդ թվում՝ լրագրողների, որոնք կասկածվում են երկրի ղեկավարության դեմ դավադրությանը մասնակից լինելու համար:

Նույն շարքից