Իրավական 

Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի դեմ ՄԻԵԴ–ում ավելի քան 15 մլն եվրոյի փոխհատուցման պահանջ է ներկայացվել

analitik.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ ինստիտուտը նշում է իր գործունեության տասնամյակը, որի կապակցությամբ այսօր կազմակերպվել էր ՄԻԵԴ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման թեմայով միջազգային համաժողով:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ  Գևորգ Կոստանյանը: Նա, անդրադառնալով Կառավարության լիազոր ներկայացուցչի դերին, ասաց, որ դասական իմաստով նա պետության փաստաբանն է և իր պարտականություններն ավելին են, քան պարզապես փաստաբան լինելը: Նա նշեց, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը համակարգային առումով պետք է նպաստի եվրոպական չափանիշների ներդրմանը երկրում:


ՀՀ Սահամանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարևորեց այս համաժողովը: «ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ յուրաքանչյուր  ոք իրավունք ունի իր իրավունքների պաշպանության հարցերով դիմել իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններ»,- ասաց Գագիկ Հարությունյանը և նշեց, թե դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների տեսանկյունից գերապատվությունը տալիս է միջազգային նորմերին:


Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Оլեքսանդր Պավլյուկը նշեց, որ Հայաստանը պարտավոր է օրենքով իրականացնել կառույցի ստանդարտները:«Պետությունը պարտավոր է դատարանի կողմից նշված խախտումները շտկել»,- ասաց նա և կարևորեց Կառավարության լիազոր ներկայացուցչի դերը:

ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ այս տարիների ընթացքում համագործակցություն է եղել ոչ միայն պետության ներկայացուցչի, այլ նաև փաստաբանական պալատի հետ: «Հատկանշական է, որ արձանագրված խախտումները երբևէ չեն կրկնվել»,-ասաց նա և նկատեց, որ երբեմն էլ խախտման վերացումը նախորդել է վճռին:

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ ՄԻԵԴ դիմումների թիվ նվազել է, ինչը, գուցե, պայմանավորված է հիասթափությամբ կամ մարդկանց անհամբերությամբ: «Սեպտեմբեր ամսվա տվյալներով սպասվող գործերի թիվը  1022-ն է»,- ասաց նա:

Նույն շարքից