Իրավական 

ՄԻԵԴ-ի գործերի քանակով Հայաստանը գտնվում է լավագույն վիճակում. Գևորգ Կոստանյան

analitik.am

Անգամ եթե հարևան կամ ԵՄ ցանկացած երկրի հետ ենք համեմատում, մենք գտնվում ենք լավագույն վիճակում՝ ՄԻԵԴ դիմած և բավարարված գործերի քանակով: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և նշեց, որ դա  պայմանավորված է բնակչության թվով, դատական համակարգով և այլ հանգամանքներով:

«Երկու հազարից ավելի դիմումի պարագայում 49 վճիռը, որից 48-ի դեպքում է խախտում արձանագրվել, ես համարում եմ դրական ցուցանիշ»,-ասաց  Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով այն ցուցանիշին, ըստ որի՝ ՀՀ մասնակցությամբ՝ ՄԻԵԴ-ի ընդունված վճիռներով դիմումատուների կողմից  2014 թվականի նոյեմբերի մեկի դրությամբ ներկայացվել է ընդհանուր շուրջ 15 միլիոն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է 574  հազար եվրոն:

«Մեր հարևան երկրների համեմատությամբ մենք նվազագույն շեմին անգամ չենք հասել»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան, իրենց համար մեկ դրամն անգամ մտահոգիչ է, քանի որ դա նշանակում է, թե ի զորու չենք եղել ներպետական համակարգում հասնել մարդու իրավունքի լիարժեք պաշպանության իրականացմանը:

Գևորգ Կոստանյանը համամիտ չէր այն իրավաբանների տեսակետի հետ, որ Հայաստանի վիճակը խայտառակ է, և հաճախ խոչընդոտվում է, հայցվորների դիմումը ՄԻԵԴ:

«Կառավարության ներկայացուցիչը լիազորություն չունի որևէ կերպ խոչընդոտել որևէ հայց ՄԻԵԴ ներկայացնել»,-ասաց նա և նշեց, որ հայցվորները, սպառելով ներպետական ատյանները, կարող են փոստով կամ ինտերնետով ներկայացնել իր հայցը ՄԻԵԴ:

Գևորգ Կոստանյանը չի կարծում նաև, որ Հայաստանի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճիռները պետության պատվի հետ առնչություն ունեն, և բազմաթիվ այլ երկրների՝ այդ թվում նաև եվրոպական երկրների քաղաքացիների մասով վճիռներ են կայացվում:

Նույն շարքից