Իրավական 

Արամ Մանուկյանի առողջությանը պատճառված վնասի աստիճանը կորոշվի դեպքի օրվանից երեք շաբաթ հետո. Քննչական կոմիտե

analitik.am

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Ա. Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 2185/հ եզրակացությամբ լիարժեք գնահատական չի տրվել նրան պատճառված մարմնական վնասվածքների աստիճանին։

Ըստ եզրակացության՝ գլխուղեղի ցնցման ելքի ոչ պարզ լինելու հետ կապված առողջությանը պատճառած վնասի աստիճանը կորոշվի դեպքի օրվանից երեք շաբաթ հետո՝ 31.12.2014 թվականին, որի համար անհրաժեշտ է ապահովել փորձաքննվողի ներկայությունը ԴԲԳԳԿ ամբուլատոր քարտով:

Արամ Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու համար բացատրություն է վերցվել դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետից, ով հայտնել է, որ փորձաքննության պահին Արամ Մանուկյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը տատանվել է թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների սահմաններում: Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքի օրվանից 21 օր հետո։

ՀՀ քննչական կոմիտեից պարզաբանում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի»։

Հետևապես՝ անձը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու, այն է՝ Արամ Մանուկյանի առողջությանը թեթև վնասվածք պատճառելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Երևանի քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար։ Դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունն ստանալուց հետո, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա.Սվազյանի գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։

Նույն շարքից