Իրավական 

Ոստիկանությունում ամփոփել են մասնագիտական ստուգարքների առաջին փուլը

analitik.am

Ոստիկանությունում դեկտեմբերի 15-ին սկսվել է մասնագիտական պարապմունքների տարեշրջանն ամփոփող ստուգատեսը: Ոստիկանության պետի կողմից խնդիր էր դրվել ամենայն պատախանատվությամբ մոտենալ ստուգարքներին՝ գիտելիքների որակական կատարելագործումը դիտելով ոչ միայն որպես տեսական պատրաստականության ցուցանիշ, այլև մասնագիտական պիտանիության գնահատման չափորոշիչ: Մեկշաբաթյա ստուգարքների առաջին փուլին մասնակցել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը:


Ստուգարքային հանձնաժողովի խստապահանջ և անկողմնակալ գնահատմամբ` մասնագիտական գիտելիքների լիարժեք իմացություն դրսևորելու համար ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերից մեկն արժանացել խրախուսանքի, մյուսների աշխատանքը գնահատվել է դրական, բայց եղել են նաև պաշտոնյաներ, որոնք անհրաժեշտ պատասխանատվությամբ չեն մոտեցել առաջադրված խնդրի կատարմանը: Հիշյալ բաժնի պետերին տրվել է տասնօրյա ժամկետ՝ նյութերը վերանայելու, բացթողումները վերացնելու և թերությունները շտկելու համար: Անհրաժեշտ հետևություններ չանելու և վերաստուգարքին պատշաճ պատրաստականություն չցուցաբերելու դեպքում նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոններից: 


Մասնագիտական պարապմունքների ստուգատեսը շարունակվում է: Ստուգարքներին հաջորդաբար կմասնակցեն ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների պետերը: Ստուգարքները կավարտվեն դեկտեմբերի 22-ին:

Նույն շարքից