Իրավական 

Պետք է վերանա այն կարծրատիպը, թե այն, ինչ անվճար է` անորակ է. Արա Զոհրաբյան

analitik.am

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց մեկ տարվա աշխատանքն ու գործունեությունը: Նա խոսեց Փաստաբանների պալատի կադրային քաղաքականության, Հանրային պաշտպանի գրասենյակի, Փաստաբանական դպրոցի գործունեության, միջազգային համագործակցության, իրականացրած ծրագրերի և այլնի մասին. «Համեմատության մեջ կատարված թվերը կամ զարգացումները ես չեմ ուզում համեմատել պալատի նախորդ նախագահի հետ: Դա համեմատություն է ոչ թե նախորդ տարվա նախագահի , այլ ժամանակահատվածի հետ: Հաջորդ տարի արդեն համեմատությունը կատարելու եմ ինքս ինձ հետ` 2015-ը համեմատելու եմ 2014-ի հետ: Եվ ամենակարևորը` տարիների համեմատությունից պետք է լինի դրական արդյունք, հակառակ դեպքում կնշանակի՝ լավ չենք աշխատում»,-նշեց նա:

 

Ըստ Զոհրաբյանի, ցանկացած կառույցի լավ աշխատանքի գրավականը որակյալ կադրերն են, ինչի ուղղությամբ պալատը լուրջ քայլեր է անում: Անդրադառնալով Փաստաբանական դպրոցին՝ նախագահը նշեց, որ հաստիքները ոչ միայն քանակապես են ավելանում, այլև՝ որակապես. «Ստեղծվել են նոր հաստիքներ: Փորձը ցույց տվեց, որ այդ հաստիքի անհրաժեշտությունը կա: Մենք ոչ թե քանակապես ենք ավելանում, այլ որակապես»,-ընդգծեց բանախոսը` հավաստելով, որ ժամանակի ընթացքում խելացի և «որակյալ» փաստաբանները կստիպեն «անորակ» փասատաբաններին լքել պալատը կամ փոխել աշխատաոճը, քանի որ «այստեղ այն անձինք են, ովքեր ի զորու են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել»:

 

Անդրադառնալով Հանրային պաշտպանի գրասենյակին՝ Ա. Զոհրաբյանն ասաց, որ գոյություն ունի 50 հանրային պաշտպանի հաստիք, ինչը, դարձյալ քանակական առումով բավարար չէ:

 

Կարևորելով փաստաբանական դպրոցի գոյությունը՝ վերջինս նշեց, որ պետք է հասնել նրան, որ վերանա այն կարծրատիպը, թե ինչ անվճար է` անորակ է:

 

Տեղեկացանք, որ այս տարվա ընթացքում 35 փաստաբան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ նկատողություն՝ 21, խիստ նկատողություն՝ 5, լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն՝ 3, տուգանք՝ 3, փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում` 3:

Նույն շարքից