Իրավական 

Միջնորդությամբ զբաղվող փաստաբանները մեր ուշադրության կենտրոնում են. Ա.Զոհրաբյան

analitik.am

2015 թվականի Փաստաբանների պալատը, Արա Զոհրաբյանի ներկայացմամբ, մի շարք խնդիրներ ունի լուծելու, որոնցից ամենաառաջինը՝ հայտնաբերելն է կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված փաստաբաններին և մեկուսացնել փաստաբանական հանրությունից:

 

Analitik.am-ի հարցին` Փաստաբանների պալատը միշտ հայտարարում է, թե պայքարում է կոռուպցիայի մեջ ներգրավված փաստաբանների դեմ, բայց փաստացի, այդ երևույթը քանի գնում արմատավորվում է: Ի՞նչ է անում արդյոք ՀՀ փաստաբանների պալատն այդ ուղղությամբ:

 

Արա Զոհրաբյանը պատասխանելով մեր հարցին, ասաց, որ քաղաքացիներն այդ խնդրով իրենց շատ հաճախ են դիմում, բողոքում, որ կոռուպցիոն երևույթներում ներգրավված են ոչ միայն դատավորներ, փաստաբաններ, այլև այլ անձինք: «Դա լուրջ խնդիր է: Շատ հաճախ քաղաքացին, ով գիտակցում է, որ այդ մարդկանց անունները տալով իր համար կարող են խնդիրներ առաջանան, լռում է, անուններ չի հրապարակում: «Քրեական օրենսգրքում» արդեն այդ առումով փոփոխություններ են գործում : Նախկինում կաշառք տվող անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից, եթե հաղորդում էր ներկայացնում, թե կաշառք է տվել և վերցրել են: Դա արվում էր հատկապես այն անձանց համար, որոնք կաշառակերներին բացահայտում էին. դա նաև խրախուսական բնույթ էր կրում: Այսօր կաշառք տվողը ազատվում է պատասխանատվությունից, եթե կաշառքը տրվել է շորթման միջոցով և նա հանցանքը կատարելուց երեք օրվա ընթացքում է բարձրաձայնել այդ մասին , իսկ եթե նա չորրորդ օրն է խոսում այդ մասին, ապա որպես կաշառք տվող, դատապարտված է կաշառք տալու մեղադրանքով»,-բացատրեց Զոհրաբյանը` հավելելով, որ 2015-ի համար փորձելու են օրենսդրական նախաձռեռնությամբ հանդես գալ, և որոշ բաներ փոփոխել:

 

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ պալատը կդադարեցնի այն փաստաբանի արտոնագիրը, որը պատշաճ ծառայություն չի մատուցել. « Սա էլ կոռուպցիայի դեմ պայքարի մի գործիք է. Մենք մոտավորապես գիտենք այն փաստաբաններին, ովքեր հիմնականում միջնորդությամբ են զբաղվում: Այդ փաստաբանները մեր ուշադրության կենտրոնում են գտնվում, կան նաև գործեր, որոնք չեն կարողանում ապացուցել»,-ասաց նա:

 

Նշենք, որ Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013 թվականի սեպտեմբերի 14-ին, լիազորությունները ստանձնել է 2013 թվականի հոկտեմբերի 4-ին։ Պալատի առաջին նախագահն է եղել Ռուբեն Սահակյանը, ընտրվել է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին և պաշտոնավարել է մինչև 2013 :

Նույն շարքից