Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսին, խոսելով Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, հատկանշական համարեց վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որին մասնակցում էր ութ կուսակցություն: Նա նշեց, որ ԵՄ-ն հրաժարվել էր դիտորդական առաքելություն ուղարկել և արդեն գնահատականներ կան, որ ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով:
Տաթև Հայրապետյանն ասաց, որ Ադրբեջանը՝ ինչպես Թուրքիան, պատրաստվում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և կարծիք կա, որ շատ բաներ կարվեն հենց Ադրբեջանի կողից։
Նա նկատեց, որ այս տարի Ադրբեջանը աչքի ընկավ իրավապաշտպանների, լրագրողների ձերբակալություններով և վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվեցին պետական դավաճանության մեջ:
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Քրիստինե Գասպարյանն անդրադարձավ ձերբակալությունների հետ կապված միջազգային հանրության արձագանքին, որը, ըստ նրա, բավականին ուշացած էր: «Միջազգային հանրության արձագանքը իհարկե շատ կարևոր և արժեքավոր է, սակայն միևնույն ժամանակ շատ ուշացած էր, որովհետև այս պրոցեսները վաղուց էին սկսվել»,- ասաց նա և նշեց, որ ուշացման պատճառը կարող է պայմանավորված լինել Արևմուտքի շահերով:
«Ամենակարևոր գործոններից մեկը Ուկրաինայի ճգնաժամն է, Արևմուտքը այլընտրանքային էներգակիրների փնտրտուք սկսեց, որից ամենամոտը Ադրբեջանը կարող է լինել»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը միևնույն է չի կարող այլընտրանք լինել Ռուսաստանին, քանի որ էներգակիրների պաշարներն անհամադրելի են:
Քրիստին Գասպարյանը կարծում է, որ միջազգային հանրության ուշացած կամ «գալոչկայի» համար արված հայտարարությունները նպաստում են, որ Ադրբեջանն իրեն այսպես պահի: «Ադրբեջանը հղփացած երեխայի կեցվածք է ձեռք բերել և սովոր է, որ իր արարքներին արձագանք չի լինելու»,- ասաց նա: