Իրավական 

Իմ կորցրած գումարներից 400 000 $-ը Կարեն Բաբակեխյանի մոտ է, իսկ 250 000 $-ը՝ Մուշեղ Սաֆարյանի, բայց միևնույն է մեղավոր է Ա. Գալստյանը

analitik.am

Երեկ հանրահայտ ֆինանսական բուրգի գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը ցնցող հայտարարություն արեց:

 

Ա.Անդրեասյանը հայտարարեց,որ Բաղրամյան 77/8 տարածքը գնել է Ա.Գալստյանից՝ 250 000 ԱՄՆ դոլարով հիպոթեքային վարկի միջոցով, այնտեղ կատարել է 150 000 ԱՄՆ դոլարի շինարարական աշխատանքներ, և մոտ 115 000 ԱՄՆ  դոլար տոկոսներ է տվել բանկին և Ա.Գալստյանին, և  վերջնական արդյունքում այդ տարածքի վրա վերջինս ծախսել է 515 000 ԱՄՆ  դոլար, սակայն ընդամենը 100 000 ԱՄՆ  դոլարով այն տվել է Կարեն Բաբակեխյանին:

 

Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ Ջրաբերի ավազահանքի վրա միայն ինքն է կատարել ներդրում՝  մոտ 500 000 ԱՄՆ  դոլարի չափով,սակայն իր փայատեր ԱԺ Վերահսկիչ Պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալ Մուշեղ Սաֆարյանը ոչ մի բան չներդնելով, այս պահին Ա.Գալստյանի հետ միասին վաճառել է ավազահանքը և օդից դարձել է 250 000 ԱՄՆ դոլարի տեր:

 

Տուժողի ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանը հարցրեց, քանի որ ամբաստանյալը բոլոր գործառույթներն իրականացրել է տուժողներից յուրացված մոտ 1 000 000 ԱՄՆ դոլարի միջոցով,ապա փաստորեն ստացվում է, որ այդ փողերից 400 000 ԱՄՆ  դոլարը գտնվում է Կարեն Բաբակեխյանի մոտ, իսկ 250 000 ԱՄՆ  դոլարը Մուշեղ Սաֆարյանի,և այդ դեպքում անհասկանալի է,թե ինչու ամբաստանյալը նրանցից չի պահանջում այդ գումարները, դրանցով չի վճարում տուժողներից հափշտակված գումարները,այլ նախընտրում է ամբաստանյալի աթոռը:

 

Այս հարցին ամբաստանյալը պատասխանեց,որ ճիշտ է,այդպես է դուրս գալիս,սակայն Կարեն Բաբակեխյանից ոչինչ չի ուզում,իսկ Մուշեղ Սաֆարյանից կպահանջի, երբ դուրս կգա:

 

Տուժողի ներկայացուցիչ Ս.Սարգսյանը նորից հարցրեց ամբաստանյալից, որ փաստացի տուժողներից հափշտակված գումարներից 650 000 ԱՄՆ դոլարը գտնվում է Կարեն Բաբակեխյանի և Մուշեղ Սաֆարյանի մոտ,և նրանց կողմից այդ գումարները չվերադարձնելու պատճառով այժմ մարդիկ տուժել են, իսկ ինքն  անազատության մեջ է, և այդ պարագայում ամբաստանյալն իր բոլոր դժբախտությունների մեղավորը դեռ համարում է Ա.Գալստյանին: Այս հարցին ամբաստանյալը նորից պատասխանեց,որ անկախ նրանից, թե ում մոտ են գումարները, միևնույն է մեղավորը Ա.Գալստյանն է:

 


Դատական նիստին նաև մեղադրողի միջնորդությամբ բերման որոշում կայացվեց տուժող Ա.Գալստյանի և վկա Վ.Գալստյանի նկատմամբ:
հաջորդ նիստը կկայանա 2015 թ-ի հունվարի 21-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս, հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Նույն շարքից