Իրավական 

Կալանավորին տեսակցության եկած փաստաբանը փորձել է նրան թմրամիջոց փոխանցել և ձերբակալվել է

analitik.am

2014 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 17:45-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները նույն ՔԿՀ-ի կալանավոր Ա.Պ.-ին տեսակցության եկած փաստաբան Ռ.Մ.-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 31.7 գրամ, 29.1 գրամ և 5.6 գրամ քաշերով կասկածելի զանգվածներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում ՔԿՀ-ի աշխատակիցները վարչական մասնաշենքի զուգարանից հայտնաբերել և վերցրել են 5.2 գրամ, 4.2 գրամ և 1.3 գրամ քաշերով կասկածելի զանգվածներ: Ռ.Մ.-ն հայտնել է, որ նշված փաթեթներն իրեն Գյումրի քաղաքում փոխանցել է 30-35 տարեկան մի անծանոթ տղամարդ, ով խնդրել է դրանք փոխանցել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Պ.-ին:
 

Համապատասխան փորձաքննության եզրակացության համաձայն հայտնաբերվածը հանդիսանում է ընդհանուր 55.7 գրամ մարիխուանա և 0.20 գրամ հաշիշի յուղ:

 

Դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա (ՀՀ քր.դատ.օր. 34-րդ և 128-131.1-րդ հոդվածների համաձայն) Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Կ.Գ.-ի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 25-ին փաստաբան Ռ.Մ-ն ձերբակալվել է: Դատախազն այս մասին անձամբ՝ հեռախոսազանգի միջոցով իրազեկել է Փաստաբանների պալատի նախագահին:

Նույն շարքից