Իրավական 

Կարեն Բաբակեխյանը սպառնո՞ւմ է ՀՀ նախագահին և ՀՀ ոստիկանապետին

analitik.am

Մեր նախորդ նյութում անրադարձել էինք հանրահայտ Ֆինանսական գործում թաքցված իրական փաստերին, ինչի  հետևանքով էլ քավության նոխազ դարձավ այս գործով միակ ամբաստանյալ ՛՛Միջազգային՛՛ դավադրության ՛՛Զոհ՛՛ Արթուր Անդրեասյանը:

 

Ցանկացած քննվող խարդախության հանցակազմով հարուցված քրեական գործում վարույթն իրականացնող մարմնի առաջնային խնդիրը  հափշտակված գումարների հայտնաբերումն է, և դրանց փոշիացման եղանակը, և հենց այս նպատակն էլ դրվում է մեղադրանքի հիմքում:

 

Ուսումնասիրելով այս գործը, պարզվում է, որ վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերել է հափշտակված գումարների ահռելի մասը՝ մոտ 700 000 ԱՄՆ  դոլարի չափով,հստակ իմացել է դրանց տեղը,բայց առաջ չի գնացել:


Այսպես՝ ըստ ամբաստանյալ Ա.Անդրեասյանի ցուցմունքի, վերջինս  Բաղրամյան 77/8 տարածքը գնել է տուժողից 250 000 ԱՄՆ դոլարով, որի վրա ներդրել է 150 000 ԱՄՆ դոլար և ևս 150 000 ԱՄՆ դոլար տվել է տոկոսներ՝ բանկին և տուժողին: Փաստացի տարածքի ինքնարժեքը կազմել է 550 000 ԱՄՆ դոլար:


 Այնուհետև, իբր թե նյութական ծանր վիճակում գտնվելու պատճառով, վաճառել է տարածքը՝ գույքով հանդերձ, ընդամենը 100 000 ԱՄՆ դոլարով, Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, և ուշադրություն՝ իր համար այս ակնհայտ ոչ ձեռնտու գործարք կատարելը նա հիմնավորել է իր նյութական ծանր վիճակով՝  չի կարողացել սպասարկել տարածքի հիպոթեքային վարկը և այդ պատճառով վերցրել է Կարեն Բաբակեխյանից 100 000 ԱՄՆ դոլար, որին ավելացրել է ևս 16 000 ԱՄՆ դոլար, որպեսզի մարի բանկի հիպոթեքային վարկը /116000 ԱՄՆ դոլար/ և կարողանա անվանափոխել  տարածքը Կարեն Բաբակեխյանի անունով:


 

Ի դեպ,  ՛՛Նյութական ծանր վիճակում՛՛ գտնվող ամբաստանյալը այդ մի կերպ  ճարված 16 000 ԱՄՆ դոլարով կարող էր ուղիղ մեկ տարի սպասարկել իր վարկը, էլ չենք ասում,  որ տուժողի Բաղրամյան 77/8 տարածքը  վարձակալությամբ  տրված է եղել ՛՛Եվրոֆուտբոլ՛՛ Բուքմեքերական ընկերությանը՝ ամսեկան 1.400.000 ՀՀ դրամով, իսկ վարկի ամսեկան մուծումը եղել է ընդամենը 700 000 ՀՀ դրամ. Ինչ խոսք,  իրոք նյութական ծանր վիճակում է եղել ամբաստանյալը:


Փաստորեն՝ ըստ քրեական գործի նյութերի,  Արթուր Անդրեասյանի կողմից հափշտակված գումարներից մոտ 466 000 ԱՄՆ դոլարը տուժողից հափշտակված Բաղրամյան 77/8 հասցեում գտնվող տարածքի տեսքով գտնվում է Կարեն Բաբակեխյանի մոտ: Այս ամբողջ աբսուրդ գործարքի բուն էությունը բացահայտվում է գործով վկա Նաիրա Անդրեասյանի ցուցմունքով, որը ամբաստանյալի եղբոր կինն է, և Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի սանիկը: Վերջինս իր ցուցմունքում նշում է, որ երբ հասկացել են ,որ Ա.Անդրեասյանը պարտքեր ունի և չի կարողանում վերադարձնել դրանք, իրենց ամբողջ գույքերն անվանափոխել են Կարեն Բաբակեխյանի անունով, որովհետև Հայաստանում չի գտնվի մեկը,որ կհամարձակվի Կարեն Բաբակեխյանի  գույքը ետ պահանջել և սա առաջին դեպքը չէ՝ նախկինում նույնպես եղել են նման դեպքեր:


Սակայն ամեն անգամ պապը գաթա չի ուտում,և սույն գործով տուժողը այս անգամ պահանջեց Կարեն Բաբակեխյանից իր տարածքը՝ պնդեց դա առերես, երևի տուժողը տեղյակ չէր, որ Կարեն Բաբակեխյանից իր սեփականությունը պահանջելու իրավունք չունի, որ նրա տարածքն արդեն հափշտակված է, ինչը   արմատացած ավանդույթ է: Ի դեպ, այդ ավանդույթի մասին են վկայում նաև հանրությանը քաջածանոթ Բանդա-2, Նորաշեն, ՛՛ՀայբիզնեսԲանկ՛՛ ՓԲԸ-ի ,փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության և այլ քրեական գործերը, որոնցում Կարեն Բաբակեխյանն ունեցել է լուրջ դերակատարում և նորից մնացել է որպես վկա, հափշտակել է և պատասխան չի տվել:

 

Այս գործերում սույն նախկին անպատժելի պաշտոնյայի մասնակցության մասին կհաղորդենք լրացուցիչ:
Ինչևէ, Կարեն Բաբակեխյանից իր սեփականությունը պահանջելու հանդգնության համար տուժողին ամբաստանյալը և Կ.Բաբակեխյանը դատաքննության ժամանակ մեղադրեցին աշխարհի բոլոր մեղքերում,վերջինս նույնիսկ նրան հայտարարեց իր անձնական թշնամի, քանի որ հանդգնել է իրենից տարածք պահանջել:



Սակայն էականը սա չէ, այլ այն,որ Կարեն Բաբակեխյանը դատարանում հայտարարեց, որ հստակ գիտի , թե ովքեր են կանգնած տուժողի մեջքին, և գալու է ժամանակ նրանք պատասխան են տալու, ամբաստանյալը հավելեց, որ տուժողի մեջքին կանգնած են Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ակամայից համադրելով այս հայտարարությունները գալիս ենք այն եզրակացությանը, որ Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանից և Կարեն Բաբակեխյանից վերև ոստիկանության համակարգում ի պաշտոնե գալիս են փոխնախարարները և անձամբ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը,իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը որ ՀՀ ում մարզային ոստիկանապետերի նշանակումը և ազատումը ՀՀ Ոստիկանապետը համաձայնեցնում է ՀՀ Նախագահի հետ,ապա ստացվում է, որ Կարեն Բաբակեխյանը, տուժողին  հայտարարություն ուղղելով, մեսիջ է ուղարկում ՀՀ Նախագահին և ՀՀ Ոստիկանապետին, որ գալու է ժամանակը և վերջիններս պատասխան են տալու իրեն պաշտոնանկ անելու համար՝ ՛՛Կուժ քեզ եմ ասում,կուլա դու լսի՛՛ ասացվածքի ոգով:

 

Հետաքրքիր է՝ ինչ նկատի ունի Շիրակի նախկին ոստիկանապետն ասելով, որ  ժամանակը գալու է և ո՞ր ժամանակը նկատի ունի:


Այն, որ Կ.Բաբակեխյանի և ամբաստանյալի հայտարարությունները իրականության հետ բացարձակ կապ չունեն, ակնհայտ է գոնե թե այն հանգամանքով, որ եթե տուժողը իրոք ունենար այդպիսի բարձր հովանավորներ, ապա, ըստ գործի փաստական հանգամանքների, հաստատ ամբաստանյալի աթոռին միայն Արթուր Անդրեասյանը նստած չէր լինի:

 


Հ.Գ. Ամբաստանյալի հափշտակված գումարների մնացած մասի գտնվելու վայրի և Ոստիկանության արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այս քրեական գործի շրջանակներում գործունեության մասին հանրությանը կներկայացնենք մեր մյուս հրապարակումներում, քանի դեռ Կարեն Բաբակեխյանի մատնանշած ժամանակները չեն եկել:



Նույն շարքից