Իրավական 

Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվողը եղել է պոստի, տեսել են՝ չկա

analitik.am

 Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության պատճառներն անհայտ են, քանի դեռ կասկածյալը չի հայտնաբերվել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

Նա նշել է, որ աշխատում են բոլոր ուղղություններով, տեղում են ոստիկանության բոլոր ծառայությունները, նրանց հետ համագործակցում են ռուս սահմանապահները:«Ունենք արձանագրված փաստ, ականատեսներ չկան, աշխատում ենք, քանի դեռ կասկածյալը չի հայտնաբերվել, չենք կարող ասել՝ ինչն էր պատճառը»,-ասաց Հունան Պողոսյանը:

Նա նշել է , որ կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, դեպքի վայրում փոխել է հագուստը, թողել զինվորական հագուստը, սապոգները, ինչպես նաեւ զենք, իսկ թե ինչ է հագել եւ հեռացել, հայտնի չէ: Հարցին, թե ինչ են պատմում նրա ծառայակից ընկերները՝ ինչպիսի մարդ էր նա, արդյոք հնարավոր է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցությամբ եղած լինի, Հունան Պողոսյանն ասաց, որ նախնական տեղեկություններով եւ ծառայակիցների նկարագրությամբ՝ Պերմյակովը նման հակումներ չի ունեցել: «Ինքը սովորական ծառայության է գնացել, կառաուլի է եղել՝ պոստի, տեսել են, որ չկա, սկսել են որոնել»,-ասաց ոստիկանապետի առաջին տեղակալը:

Ենթադրվում է, որ նա թաքնված է Գյումրիում, քաղաքում ուժեղացված հսկողություն է, ամենուր որոնում են ռուս զինվորականին:


Ավելի վաղ analitik.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան:

Նույն շարքից