Իրավական 

Հարուցվել է քրգործ` հակառակորդի կողմից 80-ամյա ծերունու սպանության դեպքի առթիվ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական մոլեռանդության շարժառթիով Տավուշի մարզի Ոսկեւան գյուղի բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։


2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 19:20-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:


Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանմների կողմից կանխվել է եւ ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացվել։


Տեղանքի հետազոտման ժամանակ «Մաների ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեւան գյուղի բնակիչ, հովիվ, 18.11.1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի դիակը` աջ քունքային շրջանում պատճառված հրազենային վնասվածքով: Սերյոժա Սարգսյանի դիակի հայտնաբերման վայրից քիչ հեռու սկսվում է հակառակորդի կողմից դիտարկվող եւ գնդակոծվող տեղանքը։:


Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 13-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ աջ հոնքի դրսային եզրի մոտ հայտնաբերվել է 0,7-0,8 սմ տրամագծով հրազենային մուտքի անցքի վերք, նույն կողմի ծոծրակային շրջանում` դեպի դուրս ուղղված եզրերով, 10X10 սմ չափսերով ելքի անցքի վերք, նշված շրջանում գանգաթաղի շրջանի ոսկրերը բազմաբեկորային կոտրված են:


Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից