Մշակույթ 

U2 խումբը Փարիզի ահաբեկչությունների մասին երգ է երգել

Իռլանդական U2 ռոք խումբը երգ է գրել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակումների մասին, որոնց զոհ է դարձել ավելի քան 130 մարդ, գրում է korrespondent.net-ը:

Ֆրանսիայի մայրաքաղաքում կիրակի օրն ունեցած ելույթի ժամանակ խմբի առաջատար Բոնոն հայտնել է, որ այդ երգը Փարիզի մասին է՝ «ազատության քաղաքի», որտեղ կան «սիրո և հպարտության փողոցներ»:

Նա նաև ասել է, որ U2-ի երաժիշտներն իրենց զորակցությունն են հայտնում Փարիզում և ամերիկյան Սան Բերնարդինոյում զոհերի ընտանիքներին:

Որպես համերաշխության նշան՝ Բոնոն իր վրա է գցել ֆրանսիական դրոշը և երգել Ժակ Բրելի «Ինձ մի լքիր» երգը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Ահաբեկիչները կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 130 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել:

Նույն շարքից