Իրավական 

Այս պահին մենք կարող ենք խոսել միայն փաստերի մասին. Գ Կոստանյան

analitik.am

Այսօր Շիրակի մարզի գլխավոր դատախազությունում կայացած  մամուլի ասուլիսի ընթացքում Գևորգ Կոստանյանը չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե որն է Գյումրի հանցագործության վարկածներում ամենաիրատեսականը և նշեց, որ այս պահին «խոսում են միայն փաստերի մասին»:

Հարցը ուղղած լրագրողը փոխանցեց նաև հետևյալ դիտարկումը. «Ասում են՝ ուղղորդվում է, ոչ մի բան էլ չի բացահայտվելու, ասում են՝ էն տղեն գիժ ա, հեսա գժի թուղթ կտան ու դրանով հարցը կփակվի»:

Գլխավոր դատախազը միայն արձանագրեց. «Վարկածները կքննարկվեն, ցանկացած վարկած, այս պահին մենք կարող ենք խոսել փաստերի  մասին: Փաստ, որ սպանվել է 6 անձ,  փաստ, որ մեկ անձի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել և Աստծո կամոք՝ ողջ է մնացել, մենք ունենք զենքը մեր իրավապահ մարմինների տրամադրության տակ, մենք ունենք դեպքի վայրից  առգրավված բոլոր իրերերն, առարկաները և դեպքին առնչվող  ցանկացած նյութ: Այսինքն՝ գնդակներ, պարկուճներ, հագուստներ, ուսապարկ և այլն»:

Ինչ վերաբերում է «գժի թղթին», ապա նա նշեց, որ դատավարական և քննչական գործողությունները ենթադրում են բազմապիսի և բազմաթիվ փորձաքննությունների նշանակում, որոնք նշանակվելու են ՀՀ կողմից՝ ՀՀ քննչական կոմիտեի  կողմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ փորձագիտական կենտրոններում:

Նշենք, որ մամուլում գրվել էր, որ 1999 թվականին Գյումրու ռուսական ռազմաբազայի երկու զինվորներ սպանություններ էին կատարել Գյումրու Տերյան փողոցում, որի ընթացքում տուժել էր նաև 7 մարդ, բայց այն ժամանակ քննությունը կատարում էին ՀՀ իրավապահները:

Պատասխանելով այս մասին հարցին՝ Գևորգ Կոստանյանը նկատեց, որ համեմատությունը տեղին է, քանի որ այն ժամանակ էլ Հայաստանն ուներ Ռուսաստանի հետ կնքված նույն պայմանագիրը՝ նույն կարգավորումներով: Այսինքն՝ ՀՀ տարածքում կատարված հանցագործության համար՝ ՀՀ օրենսդրությամբ և զինվորական հանցագործության համար՝ ՌԴ օրենսդրությամբ իրավակարգավորվելու պայման:

«Խնդիրը նրանում է, որ այն ժամանակ տվյալ անձը հայտնաբերեց և ձերբակալվեց  տվյալ երկրի իրավապահների՝ ՀՀ  կողմից »,-ասաց նա։

«Այսինքն՝ ով առաջի՞նը բռնեց հանցագործին»,-այս ճշգրտող հարցին ի պատասխան ՝ Գևորգ Կոստանյանն ասաց. «Ով առաջինը բռնեց, չէ, այլ ում տիրապետության տակ, ում իրավազորության տակ անցավ տվյալ անձը ի սկզբանե»:

Նույն շարքից