Իրավական 

Պերմյակովի դեմ խափանման միջոց դեռ չի ընտրվել, սակայն ռուսական կողմն արդեն կալանավորել է նրան

analitik.am

Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դեմ որևէ խափանման միջոց նշանակելու հարցը կորոշվի քննչական գործողությունների անցկացումից հետո: Այս մասին Գյումրիում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ խափանման միջոցի ընտրությունը ենթադրում է որոշակի ընթացակարգ և ժամանակ է պահանջում: «Մենք Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում ենք կայացրել, և վերջինիս կառաջադրվի համապատասխան մեղադրանք: Իսկ թե խափանման միջոցի անհրաժեշտություն կլինի, թե ոչ, կամ ինչ խափանման միջոց կընտրվի, պարզ կդառնա քննչական գործողություններից հետո: Այսօր մեր քննիչները մեղադրանք են առաջադրելու, որից հետո համապարասխան ընթացակարգերով կորոշվի խափանման միջոցը»,- ասաց Կոստանյանը: Այս պահին Գյումրիում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:

 

 ՀՀ գլխավոր դատախազը խոսեց նաև մեղադրյալի հանդեպ  պատժի կիրառման մասին: Կոստանյանն ընդգծեց, որ դա այլ ընթացակարգ է և կարգավորվում է միջազգային  իրավունքի այլ դրույթներով: «Այսինքն` պատիժ կրելու համար քաղաքացիության երկրին հանձնելու հանգամանքը այլ ընթացակարգով է կարգավորվում: Երբ հասնենք այդ փուլին, կխոսենք այդ մասին: Պատժի նշանակման և կրման ամբողջ գործընթացը դեռ առջևում է: ՌԴ օրենսդրությամբ որպես պատիժ կա նաև գնդակահարությունը, սակայն նման պատժի ընտրությունը կքննարկվի ՌԴ իրավապահ մարմինների հետ»,- ասաց Գլխավոր դատախազությունը:

 

Ռուսական կողմը հունվարի 15-ի գիշերը մեղադրանք է առաջադրել Պերմյակովի նկատմամբ՝ զենքով դասալքության և սպանության համար. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է Գյումրի` տեղում քաղաքացիներին ներկայացնելու Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները և քննության անցկացման ընթացակարգերը: Ավելի վաղ` հունվարի 15-ին, գյումրեցիները բողոքի երթ էին կազմակերպել, որի նպատակը հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը լսելի դարձնելն էր: Երթի մասնակիցները  հետզհետե տեղափոխվել էին ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, որտեղ  ցուցարարներին էր հանդիպել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:  Դատախազի հետ զրույցից հետո ցուցարարները որոշել էին, որ հավաքվելու են հունվարի 15-ին, ժամը 17:00-ին՝ իրենց պահանջի պատասխանը դատախազությունից  ստանալու համար:

Նույն շարքից