Իրավական 

Բոլորս նույնն ենք ցանկանում, որ հանցագործը պատասխան տա. Գևորգ Կոստանյան

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկրորդ անգամ իջավ շենքից՝ գյումրեցիների հարցին պատասխանելու համար: Լևոն Բարսեղյանը ևս մեկ անգամ հնչեցրեց իրենց պահանջը և ասաց. «Եթե դատախազությունը առայժմ հնարավորություն չունի, բայց համաձայն է մեզ հետ սկզբունքորեն և կարծում է, որ մեր պահանջն արդար է, բայց հնարավորություն չունի իրագործելու, ապա դատախազությունը թող ասի, բազմաթիվ փորձառու իրավաբաններ ունենք: Եթե ոչ, ասեք՝ մեր անելիքը հասկանանք»:

Գևորգ Կոստանյան նախ հորդորեց բոլորին մեկը մյուսին լսել՝ միաժամանակ նշելով, որ հարկ եղած դեպքում ինքը 100 անգամ էլ կիջնի ներքև: Նա ընդգծեց, որ ինքը յուրաքանչյուրի հետ կարող է խոսել ու բացատրել իրավիճակը:

«Այն, որ ոճրագործությունը տեղի է ունեցել հայ ժողովրդի դեմ, փաստ է, էն որ ամեն ինչ իրար հետ պետք է անենք, որ այդ անձը՝ ոճրագործը, ենթարկվի խիստ պատժի միանշանակ է: Այն, որ ՀՀ տարածքում նա ենթարկվելու պատժի, դա էլ է փաստ: Այն, որ ամբողջությամբ գործի քննությունն անցկացվելու է ՀՀ իրավապահ մարմինների կողմից, դա էլ է փաստ: Ներկայումս երկու գործ կա՝ մեկը մեր կողմից հարուցված, մյուսը՝ ռուսական կողմի: Ձեր պահանջը արդարացի է ու դրա համար է, որ քննիչները հիմա զորամասում են, հարցաքննում են, նրան որպես մեղադրյալ են ներգրավել: Այդ ամենը պրոցես է, տղերքը նստած աշխատում են: Հիմա, որ գոռում եք, չգիտեմ ինչեր եք շպրտում… տղերքը աշխատում են, մենք էլ այստեղ ենք աշխատում, հանգիստ եղեք տղերք, բոլորիս նպատակը նույնն է»-ասաց դատախազը:

Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ Հայաստանը բոլորիս երկիրն է, պետությունն է, ու հանցագործը մեր երկրի քաղաքացու դեմ է հանցանք գործել:
 

«Դա նշանակում է, որ նա դուրս է եկել իմ դեմ, ցանկացածիս դեմ, ես էլ էրեխեք ունեմ ու ամեն ինչ լավ հասականում եմ: Ես որպես հայ անում եմ ամեն ինչ, որ այդ սրիկան պատասխան տա: Այնպիսի տպավորություն է, որ դուք մի բան եք ուզում, մենք ուրիշ բան: Ոչ, բոլորս նույնն ենք ուզում, բայց դրան հասնելու ճանապարհ կա, ու այդ ճանապարհը մենք հիմա անցնում ենք: Մեր հայ տղերքը այնտեղ աշխատում են, համբերեք՝ տեսնենք ինչ է լինում, ուզում եք մինչև առավոտ ես էլ ձեր հետ ստեղ կանգնեմ, տեսնենք ինչ է լինում, բայց համբերեք»,-հորդորեց դատախազը:
 

Նշենք, որ ներկա պահին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և Գևորգ Կոստանյանը միասին քննարկում են առկա իրավիճակը:

Նույն շարքից