Իրավական 

Յայլոյանն արձագանքել է Արա Զոհրաբյանի որոշմամբ իր հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու որոշմանը

analitik.am

Փաստաբան Թամար Յայլոյանն արձագանքել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ իր հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու որոշմանը:


Թամարա Յայլոյանն Facebook-ի իր էջում գրել է.


«Հարգելի փաստաբաններ, զգացված և ցնցված եմ օրենքի ձեր իմացությամբ: Ձեզանից շատերը մեծ ջանասիրությամբ այս ողջ ընթացքում փորձում էին մատնանշել իմ «սխալները», ուզում էիք ցույց տալ, որ շատ գիտեիք: Գիտե՞ք` ձեր գիտելիքներով զարմացրիք աշխարհին: Ես հիմա ՌԴ-ում եմ. ռուսական Առաջին հեռուստաընկերությունն է հրավիրել, մինչ այդ էլ վրացական հեռուստաընկերություններից էին զանգել: Ես հիմա բոլորին` ի լուր աշխարհի կասեմ, որ հայ փաստաբանները գիտեն՝ վարույթն ով է իրականացնում այս հայտնի գործով` ՀՀ Շիրակի մարզի քննչական վարչությունը… Հարգելի գյումրեցիներ, էլ ինչո՞ւ եք ցույցի դուրս գալիս. գործը տվել են հայերին, չէ՞ որ շատ փաստաբաններ կարծում են, որ ինձ հրավիրել է Շիրակի մարզի քննչական վարչությունը:


Հարգելինե՛րս, էլի ինչ ուզում է գրեիք, ինձ համար մեկ էր: Ես իմ անելիքն արել եմ ու չեմ զղջում: Ձեզանից առաջ ես եմ ասել, որ խախտել եմ վարքագծի կանոն (չնայած որոշներդ շատ չուրախացաք, դա էլ կարող եմ բացատրել), դուք չէ՞, որ պետք է ինձ հիշեցնեիք այդ մասին: Ինչ արել եմ, էլի եմ ասում` չեմ զղջում, բայց գոնե ձեզանից մեկը մի անգամ գրեր, հարցներ. «Թամարա՛, ի՞նչ ես զգում, ինչո՞ւ այդպես եղավ, կարո՞ղ է քեզ վտանգ է սպառնում», հետո նոր անցներ` պայմանագրից ու վճարումից խոսեր:


Տպավորություն է, որ ձեզանից շատերը ավելի շատ հետաքրքրված էին Պերմյակովի շահերի պաշտպանությամբ կամ ձեր գործընկերով:


Եվս մեկ անգամ կրկնում եմ` իմ ամեն մի արարքը բացատրություն ունի: Ուղղակի ձեզնից ոչ ոք չուզեց դրանք իմանալ և հասկանալ: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, իսկապես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր հոյակապ մեկնաբանություններ են գրել ու էլի իմ կողքին են:


Ձեզ բոլորիդ, հարգող` Թամարա Յայլոյան»:



Նույն շարքից