Իրավական 

Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է դատարանին փոխանցել նախկին նախարարների գործերը

analitik.am

Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է դատարանի առաջ կանգնեցնել երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին և ՆԳՆ նախկին ղեկավար Մուամեր Գյուլերին, որոնք իրենց պաշտոններից ազատվել են կոռուպցիոն սկանդալի արդյունքում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

 

2013թ. դեկտեմբերին Թուրքիայի ոստիկանությունը անցկացրել է հակակոռուպցիոն գործողություն, որի արդյունքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ՝ բիզնեսմեններ, բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հարազատներ՝ պետական տենդերների հետ մեքենայությունների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կաշառակերության կասկածանքով:

 

Անցած տարվա սեպտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը վճռեց, որ կոռուպցիայի գործի շրջանակներում 96 մեղադրյալի, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլյալ Էրդողանի քրեական հետապնդման համար հիմքեր չկան: Հոկտեմբերին դադարեցվել է ևս 53 կասկածյալի քրեական հետապնդումը:

 

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան նիստի ժամանակ ուսումնասիրել է խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Մուամեր Գյուլերի, ԵՄ հարցերով Թուրքիայի նախկին նախարար Էգեմեն Բաղըշի, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանի և շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի մասին:

 

Գաղտնի քվեարկության արդյունքում պատգամավորները ձայների մեծամասնությամբ աջակցել են հանձնաժողովի եզրակացությանը՝ հանդես գալով Գյուլերին և Չագլայանին Գերագույն դատական խորհրդին փոխանցելու դեմ, որը գումարվում է գործող և նախկին նախարարների հասցեին մեղադրանքները քննարկելու համար:

 

Երկու այլ նախարարների հարցով քվեարկությունը սպասվում է ավելի ուշ:

Նույն շարքից