Իրավական 

Գյումրու սպանդի քննության համակարգող շտաբ է ստեղծվել, որում ընդգրկված է 10 անձ՝ ՀՀ-ից և ՌԴ-ից

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարևորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը և պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:

Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում եղել են Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի քննությանը վերաբերող հարցերը և քննության ընթացքը:

Հունվարի 20-ի երեկոյան պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա:

Նույն շարքից