Իրավական 

Ավետիսյանների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի քննչական խումբն այս պահին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում է: Հայ քննիչները հարցաքննում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:


«Ավետիսյանների սպանության գործով արդեն առաջադրվել է մեղադրանք, այս պահին Պերմյակովը հարցաքննվում է: Այլ մանրամասներ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ կհաղորդի»,- այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` հավելելով նաև, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադվել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելո փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:

Նույն շարքից