Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերահաստատեց, որ կդիմի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին՝ Գյումրիի սպանդի հեղինակ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցով: Ազգային ժողովում «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե երբ է դիմելու ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցով, ընդգծեց, որ ինքն արդեն ասել է, որ այդ հարցով դիմելու է, քանի որ դա իր պարտականությունն է: «Ես անպայման դիմելու եմ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին, սակայն պետք է նշեմ, որ դա ինքնանպատակ չպետք է լինի»,- նշեց Կոստանյանը:
Նա ընդգծեց, որ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, երբ կլինեն դրա համար անհրաժեշտ բոլոր հիմքերը: «Երբ որ լինեն բոլոր հիմքերը այդ քայլին գնալու համար, ես անպայման կանեմ դա: Դա իմ պարտականությունն է, և ես գնալու եմ այդ քայլին՝ անկախ ամեն ինչից: Սակայն այս պահին դեռևս հիմքեր չկան, քանի որ ընթանում է նախաքննություն, պարզվում են հանգամանքները, և, երբ գա ժամանակը, ես կդիմեմ Ռուսաստանի իմ գործընկերոջը Պերմյակովին հայ իրավապահների իրավազորությանը հանձնելու հարցով»,- ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը:
Նա ընդգծեց, որ ինքը երբեք չի դրժում իր պարտականությունների իրականացման որևէ գործընթաց: «Ցանկացածս, երբ ի պաշտոնե իրականացնում ենք մեր պարտականությունները, գործողությունները պետք է լինեն հիմնավորված, պետք է ունենան հիմք, և երբ ես դա կունենամ, իսկ ես դա կունենամ, անպայման դիմելու եմ»,- վստահեցրեց Կոստանյանը: