Իրավական 

Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործը կարող է լրացվել

analitik.am

Գյումրիի սպանդի հեղինակ Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործը կարող է լրացվել, փոխվել նոր փաստերի հիման վրա: Այս մասին Ազգային ժողովում «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչո՞ւ Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հատկանիշներով: «Նախ պետք է նշեմ, որ մեղադրանք առաջադրելը դեռևս չի նշանակում, որ մենք ունենք գործի հետ կապված բոլոր փաստերը: Հարուցված քրեական գործի շրջանակներում հիմա գնում է նախաքննություն, ուսումնասիրվում են բոլոր փաստերը, և երբ մենք կունենանք բավարար ապացույցներ, փաստեր, մենք կլրացնենք, կփոխենք Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործը: Տիկի՛ն Փոստանջյան, Դուք շատ լավ գիտեք, որ խոսակցությունների և հայտարարությունների հիման վրա մեղադրանք չեն առաջադրում: Մենք կլրացնենք քրեական գործը, երբ կունենանք նոր փաստեր և ապացույցներ»,- նշեց Կոստանյանը:


Կոստանյանն ընդգծեց, որ իրենք նաև պետք է ստուգեն, թե Պերմյակովին հայտնաբերելու և ռուսական իրավազորությանը հանձնելու հարցում որ սուբյեկտը պատշաճ կերպով չի կատարել իր պարտավորությունները: «Այս ամենը պարզելու դեպքում կառաջանա նաև այդ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ դա էլ մեզ համար հիմք կհանդիսանա, որպեսզի մենք դիմենք Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին՝ Պերմյակովին հայ իրավապահների իրավազորությանը հանձնելու հարցով: Մենք հիմա հարուցված քրեական գործով ուսումնասիրում ենք բոլոր փաստերը, մանրամասն քննում ենք բոլոր հանգամանքները»,- նշեց Կոստանյանը:

Նույն շարքից