Իրավական 

Կոստանյանը չասաց` ռուս սահմանապահները Պերմյակովին հայտնաբերելու մասին հայ իրավապահներին տեղյակ պահել են, թե ոչ

analitik.am

 Գյումրիի սպանության հեղինակ Վալերի Պերմյակովին հայ-թուրքական սահմանի մոտ հայտնաբերած ռուս սահմանապահները պարտավոր էին այդ մասին տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Նրանք պարտավոր էին Վալերի Պերմյակովին հայտնաբերելու մասին անմիջապես տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության իրավապահներին: Հիմա տեղյակ պահել են, թե ոչ, այս բոլոր հարցերը ներառված են քրեական գործում: Ես Ձեզ վստահեցնում եմ, պարոն Փաշինյան, որ Դուք կստանաք բոլոր հարցերի պատասխանները ժամանակի ընթացքում»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:


Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե որ երկրի դատարանն է քննելու Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործերը, Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ հայ և ռուս իրավապահները՝ յուրաքանչյուրն իրենց կողմից հարուցված քրեական գործերով իրականացնում են քննություն, որոնց ավարտից հետո արդեն կքննարկվեն վարույթի, ինչպես նաև անձի փոխանցման հետ կապված հարցերը:  

Նույն շարքից