Իրավական 

Ռազմաբազայի զինծառայողներին ՌԴ տեղափոխելու մասին փաստաթղթերը ոչնչացվել են. ՀՀ ԱՆ. Armtimes.com

«ՀԺ»-ն հարցում էր էր ուղարկել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին՝ ճշտելու, թե ռուսական ռազմաբազայում ծառայող երկու ռուս զինվորները, ովքեր 1999 թվականին Գյումրիի կենտրոնում երկու հոգու սպանել ու մի քանիսին վիրավորել էին, իսկ այնուհետև հայաստանյան դատարանի կողմից դատապարտվել 14 և 15 տարվա ազատազրկման, ՀՀ-ի ո՞ր քրեակատարողական հիմնարկում են կրել իրենց պատիժը և քանի տարի, ու ո՞ր թվականին են նրանք տեղափոխվել ՌԴ: «27.12.99թ. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ալեքսանդր Վլադիմիրի Կամենևը դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով, իսկ Դենիս Յուրիի Պոպովը՝14 տարի, պատժի սկիզբը՝ 15.04.99թ: Դատապարտյալ Ա.Կամենևը մինչև 2011թ. հունիսի 10-ը պատիժ է կրել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

«Դատապարտյալների փոխանցման մասին» 21.03.1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն (ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է 21.03.2001թ.), ՌԴ Օրենբուրգի մարզի դատարանը 12.05.2010թ. որոշում է կայացրել Ա.Կամենևին պատժի հետագա կրման նպատակով Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու մասին, ուստի, 10.06.2011թ. Ա.Կամենևը փոխանցվել է ՌԴ իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է Դենիս Յուրիի Պոպովին, հայտնում ենք, որ նա հետագա պատիժը կրելու նպատակով 18.04.2001թ. փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին: Տեղափոխման վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով»,- պատասխանել են ԱՆ-ից:

Մեր հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը տեղեկություն ունի՝ ՌԴ-ում նրանք որքա՞ն են անազատության մեջ մնացել, Արդարադատության նախարարությունից պատասխանել են. «Հայտնում ենք, որ արտահանձնումից հետո Ա.Կամենևի և Դ.Պոպովի հետագայի մասին տեղեկատվություն քրեակատարողական ծառայությունում չի ստացվել»: Նշենք, որ երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ՌԴ քաղաքացի հանդիսացող ադրբեջանցի դիվերսանտ Դիլգամ Ասքերովին, ով Ղարաբաղի դատարանի կողմից դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Լավրովն ասել է, թե հայկական կողմի հետ քննարկելու է Ասքերովի հարցը: Հասկանալի չէ, սակայն, թե ինչ է քննարկելու:

 

Մանրամասները՝ Armtimes.com-ում

Նույն շարքից