Իրավական 

Ծեծից և խոշտանգումներից hրաժարվել ենք. փոխոստիկանապետ

analitik.am

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ  Հունան Պողոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների կողմից 2014 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, հայտարարեց, որ Ոստիկանությունը հրաժարվել է ծեծից և խոշտանգումներից։

Ըստ նրա՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 757 դեպքով կամ 4,3%-ով։ Միևնույն ժամական աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 43-ով, կամ 33,3% և ծանր հանցագործությունների թիվը 231-ով։

«Ինչը պայմանավորված է սպանության, սպանության փորձերի, բնակարանային գործողությունների, իրացման նպատակով թմրանյութերի ձեռքբերման և պաշտոնական լիազորությունների չարաշահման աճով»,-ասաց նա։ 

Ըստ նրա՝ 18 դեպքով նվազել է խմբերի կողմից հանցագործությունների թիվը, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը նվազել են 29-ով: 

«Կարողացել ենք բացառել հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը, հրաժարվել ենք ծեծից և խոշտանգումներից: Գործընթացներն ամրապնդելու նպատակով Ոստիկանության մարզային բաժանմունքները և հերթապահ մասերը, ձերբակալվողներին պահվող վայրերը համալրվել են տեսադիտման սարքերով։ Ոստիկանությունը շարունակել է բաց, թափանցիկ աշխատաոճը»,– ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այսինքն՝ նախորդ ոստիկանապետի օրո՞ք է եղել ծեծի պրակտիկան, որից հրաժարվել են՝ Հունան Պողոսյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ արատավոր պրակտիկա է եղել: Նախկինում՝ Ոստիկանության գոյության առաջին իսկ օրվանից այդ արատավոր պրակտիկան եղել է, մենք այսօր ուզում ենք բացառել»:

Հարցին, որ եթե չեք ծեծում, ապա ինչպե՞ս եք կարողանում են իրենց ուզած ինֆորմացիան ստանալ, նա պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ Ոստիկանությունում կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այդ մեթոդներով, բայց բոլոր դեպքերի հայտնաբերման պարագայում անմիջապես պատժվում են, նյութերն ուղարկվում են ՀՔԾ՝ դատական հեռանկարով»։ 

Նույն շարքից