Իրավական 

ՄԻԵԴ-ում այսօր կմեկնարկի Դողու Փերինչեքի գործով դատավարությունը

analitik.am

Ստրասբուրգում գտնվող Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում (ՄԻԵԴ) այսօր մեկնարկելու է Դողու Փերինչեքի գործով դատավարությունը: Դատարանը քննելու է Շվեյցարիայի բողոքարկումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի առանցքում լինելու է Հայոց ցեղասպանության հարցը:

 

Դատավարությանը որպես կողմ են ներգրավված նաև Հայաստանն ու Թուրքիան:

 

Դատավարությունը կարևորելով՝ Թուրքիան օրեր առաջ չեղարկել էր Փերինչեքի՝ երկրից դուրս գալու արգելքը և երեկ 200 հոգուց բաղկացած պատվիրակությամբ նա մեկնել էր Ստրասբուրգ:

 

Ստրասբուրգում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության  լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ:

 

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:

Նույն շարքից