Իրավական 

ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով լսումներն ավարտվեցին

analitik.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը: Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:


Դատավարությանը իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության եւ ատելության: Իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է թուրքական Հիտլեր:


Ամալ Քլունին էլ անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին եւ մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաեւ անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է:   


Դատավարությունն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Դատարանի դիմաց են հավաքվել հայեր և թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ հսկում են մասնակիցներին: Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս  «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է» կոչերով:


Երեւանի ժամանակով 12:15 մեկնարկած դատական առաջին նիստում առաջինը ելույթով հանդես է եկել Դողու Փերինչեքը: Ըստ կանոնակարգի` հաջորդիվ ելույթ են ունեցել Շվեյցարիայի` որպես պատասխանող կողմ, Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները:


Հայկական կողմից հանդես են եկել Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը` Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:


2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

Նույն շարքից