Իրավական 

Ամալ Քլունին մեղադրել է Թուրքիային

analitik.am

Միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին Թուրքիային մեղադրել է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին պաշտպանելիս խոսքի ազատության հարցում երկակի չափանիշներ կիրառելու համար, գրում է The Telegraph-ը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությանը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան:

Գործը վերաբերում է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին, ով 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանի կողմից դատապարտվել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին, սակայն, ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը:

Շվեյցարիայի կառավարությունն էլ մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:

Ամալ Քլունին, ով ներկայացնում է Հայաստանը Doughty Street Chambers-ի անունից թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնի հետ միասին, ասել է, որ Թուրքիայի դիրքորոշումը կեղծավոր է՝ «խոսքի ազատության հարցում իր համբավի պատճառով»:

1915 թվականի դեպքերին վերաբերող պատմական վկայությունների մասին 4.5 րոպե խոսելուց հետո փաստաբանին դատավորները խնդրել են եզրափակել իր ելույթը:

Փաստաբանը հիշատակել է նաև պոլսահայ լրագրող Հրանտ Դինքին, ով հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի կողմից 1915 թվականի կոտորածները «ցեղասպանություն» որակելու համար:

Նույն շարքից