Իրավական 

Նոր մանրամասներ՝ Պերմյակովին դեռ չեն տարել սպանված Ավետիսյանների տուն

analitik.am

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դեռ չեն տարել դեպքի վայր. այսինքն քննչական փորձարարություն դեռ չի իրականացվել: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:


Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Տուժողի իրավահաջորդ ճանաչված 5 անձինք հարցաքննվել են դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:


Քննության շրջանակներում ակտիվ քննչական և օպերատիվ -որոնողական միջոցառումներ են իրականացվում առաջ քաշված բոլոր վարկածներն համակողմանի ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Հարցաքննվում են մեղադրյալ Վալերի Պերմյակովի համածառայակիցները, հրամանատարական կազմը, 2015թ. հունվարի 12-ի պահակային ծառայության վերակարգի պետերը, պատասխանատուները, պահակադիրը և այլ անձինք:


Քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին։ Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են տվյալ հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում։


ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ որևէ փաստ չի հրապարակվում նման դեպքերի վերաբերյալ, ավելին` այդ անփաստարկ հայտարարությունները «լուրջ» վերլուծության են ենթարկվում:


Ոստիկանությունը, հավատարիմ վերջին տարիներին որդեգրած սկզբունքներին, կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել յուրաքանչյուր նման դեպքի մասին: Ահազանգերով կկատարվի քննություն, և մեղավոր անձինք խստագույնս կպատժվեն: Հակառակ դեպքում, նման հայտարարությունները կարող են դիտվել որպես զրպարտություն, և տարածողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության կողմից համապատասխան իրավական գործընթաց կսկսվի»:


Սկզբնաղբյուրը՝ mitk.am

Նույն շարքից