Իրավական 

Կարեն Անդրեասյանը Բերձորի դեպքերի առթիվ պաշտոնապես դիմել է ԼՂՀ իր գործընկերոջը

analitik.am

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Բերձորի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական դիրքորոշմամբ եւ գրություն հղել ԼՂՀ իր գործընկերոջը՝ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան յուրի Հայրապետյանին, որտեղ խստորեն դատապարտել է «հիմնադիր խորհրդարանի» անդամների ավտոերթի մասնակիցների դեմ կատարված բռնությունը:

 

 

Գրության մեջ նշվում է.

 

«Հարգելի պարոն Հայրապետյան,

 

Ցավով տեղեկացանք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաեւ ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետեւ ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները եւ դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաեւ լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսեւորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որեւէ դրսեւորում որեւէ վայրում:

 

Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, եւ մենք չունենք որեւէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու եւ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետեւաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք եւ կունենան դրական արդյունք:

 

Շարունակելով մեր կառույցների երկարատեւ համագործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանականերում եւ երկկողմանի ձեւաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը:

 

Խորին հարգանքով՝ Կարեն Անդրեասյան»:

Նույն շարքից