Իրավական 

Ստամբուլի հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը հանձնվել է հայ համայնքին

analitik.am

Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող, 700 մլն թուրքական լիրա արժողությամբ պատմական հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը 80 տարի անց վերադարձվել է Բեյօղլուի Երեք խորան եկեղեցու հիմնադրամին:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan թերթի կայքը, 41 հազար 950 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հայկական գերեզմանատունը հանձնվել է հայ համայնքի ամենահարուստ հիմնադրամին:

 

Այն ստանալու համար եկեղեցու հիմնադրամը 2011 թվականին դիմել էր Հիմնադրամների ընդհանուր խորհրդին:

 

Հիմնադրամի ներկայացուցիչ փաստաբան Սիմոն Չեքեմն արդեն ստացել է սեփականության վկայականը:

 

Նա նշել է, որ ուրախ է տարածքը հայ համայնքին վերադարձնելու կապակցությամբ:

 

Փաստաբանը տեղեկացրել է, որ 1830 թվականին Օսմանյան կայսրության կողմին հայերին տրամադրված տարածքն առաջին իսկ օրից որպես գերեզմանատուն է օգտագործվել: Այն Ստամբուլի քաղաքապետարանին է հանձնվել 1930 թվականին: Չնայած այս տարիների ընթացքում դրա սեփականության վկայականը հայերի մոտ չի եղել, այնտեղ շարունակել են հուղարկավորություններ իրականացվել:

 

Այդ գերեզմանատանը թաղված են պոլսահայերի կյանքում կարևոր նշանակություն ունեցած, Թուրքիայում հայտնի հայեր՝ մարզիկներ, դերասաններ, արվեստագետներ, Պոլսո հայոց պատրիարքները, նաև Թուրքիայում ծառայության ընթացքում սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըն:

Նույն շարքից