Սաուդյան Արաբիայի գլխավորած մուսուլմանական երկրների հակաահաբեկչական կոալիցիայի ռազմական գործողությունները կհամաձայնեցվեն Սիրիայի և Իրաքի օրինական իշխանությունների և այդ երկրներում գործող միջազգային ուժերի հետ։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է գահաժառանգ արքայազնի տեղակալ, թագավորության պաշտպանության նախարար Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Կոալիցիայի միջամտությունը Սիրիայում և Իրաքում իրավիճակին կիրականացվի այդ երկրների օրինական իշխանությունների և միջազգային ուժերի հետ համակարգմամբ»,- ասել է Ալ Սաուդը։
Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները կհամակարգվեն միջազգային մակարդակով, և Սաուդյան Արաբիան կոալիցիային ուղղված աջակցություն է ակնկալում միջազգային հանրության կողմից։
Նա նշել է, որ կոալիցիան ստեղծվել է ռազմական, գաղափարական և տեղեկատվական ճակատներում ահաբեկչության դեմ պայքարի համար։