Ռազմական 

Հարուցվել է քրեական գործ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով երեք արցախցի զինծառայողների մահվան կապակցությամբ

analitik.am

Քրեական գործ է հարուցվել ադրբեջանական դիվերսիայի հետևանքով երեք արցախցի զինծառայողների մահվան կապակցությամբ, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդման մեջ։



Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում:



Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին ոչինչ չի սպառնում։



Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:



Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից