Ռազմական 

Բերեք գումարը հանեք, թող լրիվ ձրի գան՝ «վայենի բիլետը» ստանան. Գեներալ Մանվել Գրիգորյան

analitik.am

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր քննարկման էր դրվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության կողմից ներկայացած նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու հարցը։ 


 

Նշենք, որ օրենքով նախատեսվում է, որ 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում:


 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները կարող են հաշվառվել պահեստազորում՝ նվազագույն աշխատավարձի 100- ապատիկի չափով գումար վճարելու դեպքում։ Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:

 


Գեներալ Մանվել Գրիգորյանին բարկացրեց այն հարցը, որ օրենքում ժամկետի ու պարտադիր վճարի փոփոխության հարց չկա։ Նա առաջարկեց գումարի չափը կրճատել, ապա նոր ներկայացնել օրենքը։


«Արեք հեչ անենք ամեն ինչ, թող գան երեխեքը, կամ արեք իջացնենք էդ չափը, եթե գումարայինովա պայմանավորված, էդ հարցը լուծենք, պրծնենք»,-ասաց նա։

 

Մանվել Գրիգորյանը նշեց, որ վճարը կամ պետք է կամ իջեցնել, կամ՝ բարձրացնել։


 

«Իսկ եթե նույնն է, էն ա գրեք՝ տվեք անցկացրենք, էլ խի՞ ենք քննարկում: Եթե իջեցնում ենք ու գիտենք, որ հայրենիքի համար է, տուն վերադառնալու համար է, բերեք գումարը հանեք, թող լրիվ ձրի գան՝ «վայենի բիլետը» ստանան, գոնե պահեստազորային կլինեն»,-ասաց նա։ 

 


Մանվել Գրիգորյանը խոսեց նաև սահմանին կանգնող զինվորների մասին. «Այսօրվա երեխեքը մեղավոր չեն, երեկ երեք զինվոր են սպանվել, բա դրանք մեղավո՞ր են, մի երեխան հինգ երեխու տեղ պոստիա կանգնում էսօր: Բա էս երեխեքը մե՞ղք չեն, իրանց ծնողները մե՞ղք չեն, բա մե՞ղք չեն, որ ուրիշի երեխեքի տեղն էլ են ծառայում»:

 

Նախագիծը ներկայացնող սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը նշեց, որ նման օրենքի համար բավական ժամանակ է պետք, իսկ այս նախագիծն անցկացնելու համար ժամկետները նշելը պարտադիր է։

 

Գեներալ Մանվելը հակադարձեց. «Ա՛յ մարդ, կնոպկա սեղմող ենք, դու բեր, մենք կանցկացնենք, թե չէ նույն բանը բերում եք ու չեք փոխում»։ 


 

Հանձնաժողովի անդամ Աբրահամ Մանուկյանն էլ համակարծիք էր գեներալի հետ, նա էլ առաջարկեց վճարն իջեցնել և մեկ տարի ժամանակ սահմանել։ 

 

Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը առաջարկեց նախագծին դրական եզրակացություն տալ, և հարցը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցնել՝  պայմանով, եթե առաջին ընթերցմամբ ընդունեն, դրանից հետո ձևավորեն աշխատանքային խումբ, և այս առաջարկությունները ներկայացնեն։

 

Առաջարկը միաձայն ընդունվեց և նախագիծը դրական եզրակացություն ստացավ։

Նույն շարքից